Ստոմատոլոգները և ատամնատեխնիկները պատրաստվում են գումարել արտահերթ համահայկական համագումար, որը կկայանա հունվար ամսին:
Այն կոչված է արտահայտել ստոմատոլոգների և ատամնատեխնիկների դժգոհությունները և բողոքները կապված «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում 19.12.2012թ. կատարված փոփոխությունների և լրացումների հետ, համաձայն որի՝ ատամնաբուժական և ատամնատեխնիկական գործունեության համար սահմանվել է արտոնագրային վճար՝ Երևան քաղաքում մինչև երեք (ներառյալ) բազկաթոռներով ատամնաբուժական գործունեություն իրականացնելու համար յուրաքանչյուր բազկաթոռի համար ամսական 80.000 ՀՀ դրամ, իսկ Երևան քաղաքում մինչև երեքը (ներառյալ) աշխատատեղերի միջոցով ատամնատեխնիկական գործունեություն իրականացնելու համար յուրաքանչյուր աշխատատեղի համար ամսական 80.000 ՀՀ դրամ:
Ստորև ներկայացնենք ստոմատոլոգների և ատամնատեխնիկների նկատառումները և մասնագիտական կանխատեսումները.
1. Ստոմատոլոգների և ատամնատեխնիկների փոխանցմամբ լարված անհանգստության և դժգոհությունների պատճառներից են այն, որ ՝ մինչ օրս մեկ բազկաթոռի հաշվարկով միջին ամսական շահութահարկի փաստացի ցուցանիշը կազմել է 15.000-20.000 դրամ, ուստի հասկանալի չէ գանձվող վճարների նման բարձրացում, իսկ օրթոպեդիկ գործունեության (պրոթեզավորման) համար այն ստացվում է կրկնակի, քանի որ գանձումը կատարվում է և´ բժշկից և´ այդ նույն աշխատանքը կատարող ատամնատեխնիկներից:
2. Կատարված օրենսդրական փոփոխություններն առավել ցավոտ է անդրադառնում այն պոլիկլինիկաների և կենտրոնների վրա, որոնք հանդիսանում են նաև ուսումնական հաստատությունների բազա:
3.Սանիտարական նորմերից ելնելով` թերապևտիկ, վիրաբուժական, պարադոնտոլոգիան և օրթոպեդիկ կաբինետները պետք է լինեն առանձին: Պրոֆիլակտիկայի, հիգիենայի, վիրաբուժական, պարադոնտոլոգիական և գիշերային հերթապահության կաբինետները քիչ եկամտաբեր են, անգամ կարող են աշխատել վնասով, որովհետև իրենց կատարած աշխատանքների գնացուցակը ցածր է և նրանք երբեք չեն կարող ապահովել նման վճարների մուծում՝ գումարած անձնակազմի աշխատավարձը:
Շահութահարկի վճարման ժամանակ այս վնասները կոմպենսանցվում էին մյուս կաբինետների շահութաբերության հաշվին:
Նման օրենսդրական փոփոխություններից գործողության արդյունքում բոլոր կաբինետները պետք է փակվեն:
4. Դրա հետ մետեղ կատարվում են պետական պատվերով աշխատանքներ, որի գնացուցակը շատ ցածր է և չի վերանայվել երկար տարիներ:
5. Կնվազեն աշխատակիցների աշխատավարձերը:
6. Կկրճատվեն աշխատատեղերը, ընդհանուր հաշվարկով մոտ 2000-3000 աշխատողներ:
7. Կառաջանա գործազրկության և հանրապետությունից մասնագետների արտահոսքի նոր ալիք:
8. Կդադարեն գործել բազմաթիվ ատամնաբուժական և ատամնատեխնիկական գործունեության իրականացնող հաստատություններ:
9. Կատարված փոփոխությունները հակասում են փոքր և միջին ձեռնարկատիրությունը զարգացնելու պետական քաղաքականությանը:
10. Ամենի արդյունքում օրենսդրական փոփոխություններով ոչ թե բյուջեի կանխատեսվող եկամուտները կավելանան, այլ հակառակը՝ կկրճատվեն:
11. Կնվազի նաև զբոսաշրջության աճը, քանի որ զգալի թվով զբոսաշրջիկներ Հայաստան են գալիս ստոմատոլոգիական ծառայություններ ստանալու համար:
12. Ստոմատոլոգների գնացուցակը կբարձրանա, որի արդյունքում բնակչության զգալի մասը չի կարողանա այցելել ստոմատոլոգների մոտ, ինչ արդյունքում կվատթարանա նաև բնակչության առողջությունը:
13. Օրենքի կիրառումը կավելացնի այս ոլորտում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը և ստվերային գործունեությունը: Շատ հավանական է, որ ատամնատեխնիկների զգալի մասը սկսի աշխատել «ստվերում», իսկ 1-2 բազկաթոռ ունեցող ստոմատոլոգիական կլինիկաները օրենքի կիրառումից հետո նույն բազկաթոռի վրա կսկսեն իրականացնել վիրաբուժական, թերապևտիկ և օրթոպեդիկ ծառայություններ, ինչը արգելված է և որի հաշվին, երևի թե, կկարողանան վճարել համապատասխան գումարները:
14. Անհասկանալի է նաև կլինիկաների կազմում գործող ռենտգեն կաբինետը դիտարկել որպես առանձին հարկման միավոր, չէ որ կատարվում է արդեն հարկված նույն հիմնարկի թերապևտիկ, վիրաբուժական, օրթոպեդիկ կաբինետների պատվերներ:
Ռենտգենը հանդիսանում է տարածքային-ախտորոշիչ ծառայություն:
Ստոմատոլոգները և ատամնատեխնիկները ցավալիորեն նշում են, որ իրենց առողջապահության մի ճյուղ չեն համարում, այլ նույնացնում են վարսահարդարների, խաղատների, բիլիարդի, սեղանի թենիսի, հարսանյաց սրահների հետ, քանի որ առողջապահության մյուս ոլորտներում տվյալ մեթոդները չեն կիրառվում, օրինակ՝ հիվանդանոցների մահճակալները, սոնոգրաֆիաները, համակարգչային տոմոգրաֆիաները և այլն:
Միևնույն ժամանակ նշեցին, որ իրենց մոտ առկա են համապատասխան ուսումնասիրություններ, որոնք կհավաստիացնեն վերոգրյալը:
Համագումարի ընթացքում կքննարկվի նաև ստոմատոլոգիական ծառայությունների հետագա գործունեության նպատակահարմարությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net