Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր՝ օգոստոսի 8-ին, կառավարության նիստի քննարկմանը կներկայացնի 2008 թվականի մարտի 1-2-ը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը:
Նախատեսվում է, որ աջակցությունը կտրամադրվի միանվագ օգնության ձևով՝
- Ստացված վնասվածքի պատճառով զոհված անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30 միլիոն դրամ
- առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 միլիոն դրամ
- առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5միլիոն դրամ
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ընդունումն անմիջականորեն ածանցվում է սույն թվականի հունիսի 20-ին ուժի մեջ է մտել «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» ՀՀ օրենքից, որով կարգավորվում են 2008 թվականի փետրվարի 19-ին Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի հավաքները ցրելու գործողությունների ընթացքում 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
Այսպես՝ վկայակոչված օրենքով Կառավարությունը լիազորվել է սահմանելու աջակցության ձևը, չափը և տրամադրման կարգը, ինչպես նաև աջակցության տրամադրման համար դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը և այդ դիմումի քննարկման կարգը: Զուգահեռաբար շեշտադրվել է, որ Կառավարության համապատասխան որոշումը պետք է ընդունվի այդ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
Նախագծով աջակցության տրամադրման գործընթացի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգային կանոնակարգումների ներդրումն է: Մասնավորապես, առաջարկվում են ներքոշարադրյալ կարգավորումները.
- սահմանվում է, որ տրամադրվող աջակցության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով,
- որպես աջակցության տրամադրման համար դիմումը քննարկող լիազոր մարմին՝ նախատեսվում է ՀՀ արդարադատության նախարարությունը,
- ամրագրվում է, որ ստացված բոլոր փաստաթղթերի համադրման և գնահատման արդյունքում պարզված հանգամանքների հաշվառմամբ՝ լիազոր մարմինը կայացնում է հետևյալ պատճառաբանված որոշումներից մեկը՝ բավարարել դիմումը և տրամադրել աջակցություն կամ մերժել դիմումը կամ կասեցնել դիմումի քննարկումը: Ընդորում՝ շեշտվում է, որ դիմումը մերժվում է, եթե չի հաստատվում դիմումատուի՝ աջակցություն ստանալու իրավունք ունենալու հանգամանքը,
Նախագծի ընդունման արդյունքում՝ ակնկալվում է ամբողջացնել 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրմանն առնչվող հարաբերությունները կանոնավորող օրենսդրությունը: