Կրթութան, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ օգոստոսի 8-ին, կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորել միացնելով «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթութան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիան միակ պետական համերգային կազմակերպությունն է, որի հիմնական գործառույթը համերգաթատերային միջոցառումների կազմակերպումն է` երաժիշտ-կատարողների, մասնագետի մասնագիտական պահանջների բավարարումը, համերգների կազմակերպումը Երևանում և հանրապետության մարզերում: Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնում ընդգրկված է երեք անսամբլ /«Հայաստանի ազգային նվագարաններ», Գուսանական և «Ակունք» համույթները/, որոնց գործառույթները նման են ֆիլհարմոնիայի գործառույթներին:
Միացման միջոցով վերակազմակերպումը ուժեղացնում, ավելի արդյունավետ է դարձնում նշված կազմակերպությունների աշխատանքները: Այս երեք համույթները փաստացի չունեն մշտական փորձատեղի, նրանց փորձերը միշտ ձախողման վտանգի տակ են տարբեր պատճառներով: Բացի այդ, յուրաքանչյուր համերգի համար նախարարությունը լրացուցիչ միջոցներ է տրամադրում դահլիճի վարձակալության համար։ Միացման դեպքում այս խնդիրը ևս լուծվում է։
Նախատեսվում է, որ միացմամբ այս երեք անսամբլները կունենան Երևանի կենտրոնում մշտական հասցե, փորձատեղ և համերգային դահլիճ, ինչը ևս առավել արդյունավետ կդարձնի նրանց աշխատանքը: Այս պարագայում ֆիլհարմոնիան կունենա համերգներ կազմակերպելու լրացուցիչ ստեղծագործական և ֆինանսական ռեսուրսներ:
Ակնկալվում է, որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնի վերամիավորման արդյունքում կապահովվի Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնի 3 ստեղծագործական կազմերի (Ազգային նվագարանների նվագախումբ, Գուսանական և ժողովրդական երգի համույթ, «Ակունք» ազգագրական համույթ) բնականոն գործունեությունը, որը պայմանավորված է ստացիոնար բեմի, փորձասենյակների և գրասենյակային տարածքների ապահովմամբ և ստեղծագործական գործոնի բարձրացմամբ:
Երկու կազմակերպությունների միավորման որոշման ընդունումը պետական բյուջեում եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջացնում: