Տղամարդը կնոջից փող ու ոսկի է վերցրել, հաջորդ անգամ նույնը ստանալու համար վախեցրել, որ արատավորող տեղեկություններ կտարածի ողջ գյուղով

Օգոստոսի 5-ի առավոտյան Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող մի կին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում տվեց, որ ամիսներ առաջ համացանցով ծանոթացել է մի երիտասարդի հետ, որին պարտքով փող ու ոսկյա զարդ է տվել։ Օրեր անց երիտասարդը նրանից կրկին փող է ուզել ու վախեցրել, որ չստանալու դեպքում կնոջ պատիվն արատավորող տեղեկություններ կտարածի ողջ գյուղով։ Կինը նրան կրկին փող ու ոսկի է տվել՝ ընդհանուր 310․000 դրամի։ Օգոստոսի 4-ին երիտասարդը դարձյալ փող ու ոսկի է ուզել։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Հաղորդումն ընդունելուց հետո ոստիկանության Արարատի մարզային վարչության ու Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ՝ կարճ ժամանակում պարզելով, որ երիտասարդը ապրում է Արարատի մարզի Արմաշ գյուղում և 29 տարեկան է։ Պարզեցին նաև, որ նա կնոջը ներկայացել է այլ անվամբ, իսկ ոսկին և փողը վերցրել է ոչ թե անձամբ, այլ տաքսու վարորդի միջոցով։

Նույն օպերատիվությամբ Արարատի ոստիկանները երկուսին էլ հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին ոստիկանության Մասիսի բաժին։
Կնոջից փող ու ոսկի շորթած երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն։ Դեպքի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային նախաքննական մարմնին՝ հետագա քննության։
Հանգամանքները պարզվում են։

Տեսանյութը՝ ոստիկանության

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել