Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի քաղաքացի Ս.Ս.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 15.07.2012 թ-ին, ժամը 19.30-ի սահմաններում ԼԳ Գեղասար գյուղի վարչական տարածքի «Թափանլու» կոչվող հանգստյան վայրում առաջացած վիճաբանության ժամանակ նկատելով, որ քաղաքացիներ Ա.Հ.-ն, Վ.Հ.-ն, Ս.Պ.-ն և Հ.Հ.-ն ձեռքերով և ոտքերով հարվածում են գետնին ընկած իր ընկերոջ մարմնի տարբեր մասերին, ցանկանալով վերջինիս պաշտպանել հանցավոր ոտնձգությունից, միաժամանակ գիտակցելով իր կիրառած միջոցի ակնհայտ անհամապատասխանությունն ընկերոջ նկատմամբ կիրառված ոտնձգության բնույթին և վտանգավորությանը` իր մոտ գտնվող դանակով, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ, մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է քաղաքացի Հ.Հ.-ի որովայնի ձախ հատվածին` նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
31.10.2012 թ-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Մինչև դատաքննությունը սկսելը ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքը իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:
Դատարանը կիրառել է արագացված դատաքննություն և վճռել է մեղավոր ճանաչել ամբաստանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ մասով, այն է` մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ, և դատապարտել ազատազրկման մեկ տարի ժամկետով:
Խափանման միջոցը`կալանավորումը, թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը`իրավաբան.net