Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Արման Ամիրյանի:
40 ամյա ամբաստանյալը նախկինում չի դատապարտվել և մշտական բնակության վայր չունի: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին 3-րդ մասի 1-ին կետի և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ գողության և խարդախության համար:
Ամբաստանյալ Արման Ամիրյանը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2011թ. դեկտեմբերի 20-22-ն ընկած ժամանակահատվածում, շինարարական գործիքների օգտագործմամբ քանդել է եղբորը` Գ.Ամիրյանին պատկանող և Է.Պետրոսովային պատկանող նկուղները բաժանող միջնապատը և 2011թ. դեկտեմբերի 22-27-ն ընկած ժամանակահատվածում նկուղից մուտք է գործել բնակարան և գաղտնի հափշտակել 1261500 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի կենցաղային իրեր: Բացի այդ, խարդախությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Արամ Մկրտչյանի բուժումը Գերմանիայի Հանրապետությունում կազմակերպելու պատրվակով խաբեությամբ վերցրել է 1505920 ՀՀ դրամ գումար:
Արման Ամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Սույն գործով հերթական դատական նիստը նշանակվել է 2013թ. հունվարի 11-ին, ժամը 12.30-ին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net