Իսկ եթե պարտավոր անձը չի՞ կատարում դատական ակտը…

Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը (այսուհետ` դատական ակտ) պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

 

«Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դիտավորությամբ չկատարելու համար պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, կազմակերպությունների պաշտոնատար անձանց, քաղաքացիների համար ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսվում է պատասխանատվություն, իսկ քաղաքացիների համար՝ նաև վարչական պատասխանատվություն: Ընդ որում, քաղաքացիների նկատմամբ քրեական պատասխանատվությունը կարող է կիրառվել միայն վարչական պատասխանատվություն կիրառելուց հետո մեկ ամսվա ընթացքում ակտը կրկին չկատարելու համար»- Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:

 

Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դրանում սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով:

 

Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը (բացառությամբ գումարի բռնագանձման պահանջի և քաղաքացիաիրավական պայմանագրերից բխող պարտավորությունների) դատական ակտում սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

 

Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը (բացառությամբ գումարի բռնագանձման պահանջի և քաղաքացիաիրավական պայմանագրերից բխող պարտավորությունների) քաղաքացու կողմից չկատարելը նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ ամսվա ընթացքում՝ պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:

 

Փաստաբանի փոխանցմամբ. «Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը (բացառությամբ գումարի բռնագանձման պահանջի և քաղաքացիաիրավական պայմանագրերից բխող պարտավորությունների) դրանում սահմանված ժամկետում, իսկ ժամկետներ սահմանված չլինելու դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, քաղաքացիների կողմից դիտավորությամբ չկատարելը առաջացնում է վարչական տույժ՝ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:

 

Որպես հաշվարկային հիմք նվազագույն աշխատավարձը հաշվվում է 1000 դրամով»:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել