«Փաստաբանական գաղտնիք» հասկացության մասին խոսենք առավել մանրամասն և ընդգրկուն, մասնավորապես` դիտարկենք Փաստաբանի վարքագծի կանոնագրքում տրված մեկնաբանությունը:
Եվ այսպես` գաղտնիությունը փաստաբանի գործունեության էությունն է, այսինքն` վստահորդը փաստաբանին հայտնում է այնպիսի տեղեկություններ, որոնք նա չի փոխանցի ուրիշներին, և փաստաբանը պետք է այդ տեղեկատվության տիրապետողը լինի գաղտնիության հիմքի վրա։
Փաստաբանական գաղտնիք են համարվում այն տեղեկությունները և ապացույցները, որոնք իրավաբանական օգնություն հայցող անձը փոխանցել է փաստաբանին փաստաբանի կողմից տրված խորհրդատվության բովանդակությունն ու բնույթը, ինչպես նաև այն տեղեկությունները և ապացույցները, նյութերը, կրիչները, որոնք փաստաբանը փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում ձեռք է բերել ինքնուրույն:
Գաղտնիության անորոշակիության դեպքում վստահություն լինել չի կարող։ Հետևաբար` գաղտնիությունը փաստաբանի առաջնային և հիմնական իրավունքն ու պարտականությունն է։ Փաստաբանի պարտականությունը գաղտնիության վերաբերյալ ծառայում է արդարադատության իրականացմանը և վստահորդի շահերին։
Փաստաբանը պետք է պահպանի այն ամբողջ տեղեկատվության գաղտնիությունը, որի մասին նա տեղեկանում է իր մասնագիտական գործունեության ընթացքում։
Գաղտնիության պարտականությունը ժամանակով սահմանափակված չէ։
Փաստաբանական գրասենյակը կամ փաստաբանը պարտավոր է իր օգնականների, աշխատակիցների և նրա կողմից այդ գործում ներգրավված մասնագիտական ծառայություն մատուցող անձի հետ կնքել տեղեկատվության չբացահայտման պայմանագիր կամ դրա վերաբերյալ դրույթներ ամրագրել նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրով:
Փաստաբանական գաղտնիքի հրապարակում թույլ է տրվում միայն oրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:
Այն դեպքում, երբ փաստաբանի կամ փաստաբանական գրասենյակի հետ պայմանագիր է կնքել վստահորդ չհանդիսացող պատվիրատուն, ապա փաստաբանը կամ փաստաբանական գրասենյակը պետք է փորձի բացահայտել վստահորդի և պատվիրատուի միջև հնարավոր շահերի հակասությունը և այդպիսիք հայտնաբերելուց հետո պարտավոր է պատվիրատուին ամբողջությամբ կամ մասամբ զրկել անհրաժեշտ տեղեկությունների (այդ թվում` իրավական օգնության ռազմավարության) տրամադրումից:
Աղբյուրը` Իրավաբան.net