Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի կարգավիճակով 2019 թվականի հունիսի 7-ի հոգեբուժական կազմակերպություն չհայտարարված այցի ընթացքում հայտնաբերվել է մարդուն ապօրինի պահելու դեպք:
Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից:
Մասնավորապես, հոգեբուժական կազմակերպության վարչակազմը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ կազմակերպությունը այդտեղ ամբուլատոր բուժվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի բժշկական բնույթի հարկադրական միջոցը հիվանդանոցայինով փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան դեռ 2018 թվականի օգոստոս ամսին։ Սակայն միջնորդության քննարկումը դատական նիստերի հետաձգումների պատճառով անընդհատ ձգձգվում է:
Տեղի է ունեցել առանձնազրույց հոգեբուժական կազմակերպությունում հիվանդանոցային պայմաններում պահվող անձի հետ: Նրա տեղեկացմամբ՝ հոգեբուժական կազմակերպությունում բուժում ստանալու կամ այնտեղից դուրս գրվելու հարցը պետք է լուծվի դատարանի որոշումից հետո, որին սպասում է արդեն 11 ամիս:
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի փաստաթղթերի ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ դատարանի վճռով նա ճանաչված է անգործունակ, նրա նկատմամբ սահմանված է խնամակալություն, իսկ խնամակալ է նախկին ամուսինը: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողը նշել է, որ նախկին ամուսնու հետ ունի լարված հարաբերություններ, մի շարք տարաձայնություններ և շահերի բախում՝ կապված երեխաների տեսակցության հարցի հետ:
Ըստ պացիենտի՝ դատական նիստերի հետաձգման պատճառ է իր խնամակալի՝ դրանց պարբերաբար չներկայանալը: Դատական նիստերի բազմաթիվ հետաձգումների վերաբերյալ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի բժշկական փաստաթղթերում առկա են եղել հոգեբուժական կազմակերպությանը դատարանի հասցեագրած գրությունները:
Նշվածի հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման վարույթ, որի շրջանակներում Պաշտպանը գրություններ է հասցեագրել Բարձրագույն դատական խորհրդին և Երևանի քաղաքապետարան:
Պաշտպանը հարկ է համարում հատուկ նշել, որ հարկադիր բուժման վերաբերյալ դատական գործերի քննության ձգձգման նման անընդունելի պրակտիկան ունի համակարգային բնույթ և առաջացնում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների կոպիտ խախտումներ:
Այս հայտարարությունը կամ Պաշտպանի աշխատակազմի վարույթը կոնկրետ գործով դատավորի լիազորությունների իրականացմանը միջամտելու նպատակ չի հետապնդում: Պաշտպանի գնահատականները հիմնված են բացառապես հոգեբուժական կազմակերպություն իրականացրած այցի, փաստաթղթերի առերևույթ ուսումնասիրության, ինչպես նաև առանձնազրույցների վրա:
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վիճակը, այդ թվում՝ հարկադիր և ոչ հոժարակամ բուժման օրենսդրական և գործնական խնդիրները շարունակում են ունենալ համակարգային բնույթ՝ հանգեցնելով մարդու իրավունքների կոպիտ խախտումների։ Դրանք Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ուշադրության կենտրոնում են և շարունակվելու են ձեռնարկվել բոլոր հնարավոր միջոցները դրանց լուծմանը նպաստելու ուղղությամբ։