Շատերի մոտ ձևավորվել է այն թյուր կարծիքը, որ նոտարը, վավերացնելով այս կամ այն փաստաթղթի վրա առկա ստորագրությունը կամ որևէ թարգմանված փաստաթղթի իսկությունը, հաստատում է այդ փաստաթղթում շարադրված փաստերը:
Իրականում դա այդպես չէ:
Մասնավորապես, պետք է իմանալ, որ նոտարը վավերացնում է այն բոլոր փաստաթղթերի վրա եղած ֆիզիկական անձանց ստորագրությունների իսկությունը, որոնք չունեն գործարքի բնույթ:
«Նոտարը, վավերացնելով ֆիզիկական անձի ստորագրության իսկությունը, չի հավաստում կամ հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը, այլ սոսկ հաստատում է, որ ստորագրությունը կատարել է որոշակի անձ»,- Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը և հավելում. «Նոտարը վավերացնում է նաև փաստաթղթի թարգմանության իսկությունը, եթե նա տիրապետում է համապատասխան լեզուներին: Եթե նա չի տիրապետում համապատասխան լեզուներին, փաստաթուղթը թարգմանում է նոտարի կողմից վստահված թարգմանիչը, որի ստորագրության իսկությունը վավերացնում է նոտարը: Նոտարը, վավերացնելով թարգմանության իսկությունը կամ թարգմանչի ստորագրության իսկությունը, չի հավաստում կամ հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը, այլ սոսկ հաստատում է, որ փաստաթղթի թարգմանության բովանդակությունը համապատասխանում է նրա բնօրինակի բովանդակությանը»:
Աղբյուրը` Իրավաբան.net