2018թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում հայաստանյան 188 կազմակերպությունների շրջանում անց է կացվել «Կոռուպցիայի դեմ պայքում բիզնեսի դերը. հայաստանյան իրականություն» հետազոտությունը:
Այն իրագործվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
188 կազմակերպությունները նշել են, թե որո՞նք են կոռուպցիան խթանող գործոնները Հայաստանում:
Կոռուպցիան խթանող գործոնների վերաբերյալ հարցվողները գրեթե նույն նշանակություն են տվել պետական և տեղական կառավարման համակարգի խնդիրներին (23%), տնտեսական թույլ համակարգին (22%), թույլ քաղաքացիական հասարակությանը (20%), դատաիրավական թույլ համակարգին (22%): Հատկանշանական է, որ ընկերությունների ոչ պատասխանատու դիրքորոշումը՝ որպես կոռուպցիան խթանող գործոն, ունի բավականաչափ ցածր տեսակարար կշիռ (8%), ինչից կարելի է եզրակացնել, որ հայաստանյան ընկերությունները դեռևս լիարժեք չեն գիտակցում հակակոռուպցիոն իրենց ակտիվ դիրքորոշման նշանակությունը: Կոռուպցիոն խթանող «Այլ» գործոնների խմբում նշվել են խորհրդային ժառանգության հետևանքները, քաղաքական կամքի բացակայությունը, օրենսդրական դաշտի թերությունները, բյուրոկրատական քաշքշուկները, ցածր աշխատավարձերի խնդիրը և այլն:
Նշենք, որ հետազոտության նպատակն է եղել
- բացահայտել հայաստանյան մասնավոր հատվածի վերաբերմունքը կոռուպցիայի նկատմամբ,
- հակակոռուպցիոն համապատասխանության գործելաոճի վերաբերյալ իրազեկվածությունը,
- հակակոռուպցիոն համապատասխանության ապահովման համար մասնավոր հատվածի կողմից իրականացվող ու իրականացվելիք հիմնական միջոցառումները:
Հավելենք, որ սույն նյութը պատրաստվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և այն որևէ կերպ չի արտահայտում Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի պաշտոնական տեսակետը։