Վալերիյ Օսիպյանը կառավարությանը կներկայացնի տուգանային միավորների համակարգի ներդրման վերաբերյալ նախագիծը

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել վարչական իրավախախատումների վերաբեյալ օրենսգրքում:

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է.

1) Երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության արդարության սկզբունքի վերականգնումը.  

Երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության արդարության սկզբունքը վարչական տույժերի խստության համարժեքությունն է վարչական զանցանքների ծանրության աստիճանին:

Վարչական իրավավախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված՝ տրանսպորտում և ճանապարհային տնտեսության բնագավառում առկա է մի շարք վարչական իրավախախտումների համար սահմանված տուգանքները վերանայելու անհրաժեշտություն, ինչը բխում է նաև Կառավարության ծրագրով ամրագրված մոտեցումներից:

ՀՀ Ազգային ժողովի կողմից 14.02.2019թ. ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի (ՀՀ կառավարության 08.02.2019թ N 65-Ա որոշում) համաձայն` «Կառավարության նպատակներից է նաև վարչական իրավախախտումների համար պատասխանատվություն նախատեսող օրենսդրական կարգավորումների վերանայումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայիս կարգավորումները չեն արտացոլում վարչական ներգործության նպատակները: Վարչական տույժը պետք է կիրառվի անձի մոտ իրավաչափ վարքագիծ ձևավորելու և նոր վարչական իրավախախտումների կատարումը կանխելու նպատակներով: Մինչդեռ, իրողությունն այլ է. վարչական տույժերը կրում են մասսայական բնույթ և ծառայում են պետական, 27 համայնքային և նույնիսկ մասնավոր սուբյեկտների բյուջեների համալրմանը` դրանով իսկ ստեղծելով վարչական մարմինների կողմից իրականացված վարչարարության նկատմամբ հասարակական անվստահության մթնոլորտ՝ նպաստելով վերադաս վարչական մարմինների կողմից ի վնաս քաղաքացու կողմնակալ որոշումներ կայացնելու գործելաոճի ձևավորմանը, ինչն իր հերթին, ի թիվս այլ բացասական հետևանքների, հանգեցնում է վարչական ակտերի դատական կարգով բողոքարկումների մեծաթվության:»:

Կառավարության հանձնարարականի կատարման նպատակով վերանայվել են տրանսպորտում և ճանապարհային տնտեսության բնագավառում կատարվող վարչական իրավախախտումների համար նախատեսված տույժերրի տեսակները և տուգանքների չափերը: Նախագծով 30.000 ՀՀ դրամը չգերազանցող տուգանք կնախատեսվի ֆիզիկական անձանց կողմից տրանսպորտում և ճանապարհային տնտեսության բնագավառում կատարվող բոլոր այն վարչական իրավախախտումների համար, որոնց հանրային վտանգավորության աստիճանի գնահատումը թույլ կտա հանգել հետևության, որ վարչական տույժի նպատակներին կարելի է հասնել 30.000 դրամը չգերազանցող տուգանքի և վարչական այլ տույժերի համատեղ կիրառմամբ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված՝ ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի թվով 100 իրավախախտումներից 26-ի համար նախատեսված տուգանքն առաջարկվում է նվազեցնել: Մասնավորապես, 7-ը նախատեսվում է նվազեցնել ավելի, քան 50%-ով, 10-ը` 50%-ով, ևս 9-ը` 50%-ից նվազ չափով:

 Առավել վտանգավոր այն վարչական իրավախախտումները, որոնց կատարման դեպքում վարչական տույժի նպատակներին հնարավոր չէ հասնել 30.000 դրամը չգերազանցող տուգանքի նշանակմամբ, ներկայացված նախագծով առաջարկվում է քրեականացնել՝ համարժեք պատիժ նախատեսելու նպատակով` միաժամանակ ապահովելով միատեսակ մոտեցումը փաստացի նույն կարգավիճակն ունեցող անձանց նկատմամբ:

 

2) Տուգանային միավորների համակարգի ներդնումը որպես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման իրավական գործիք.

Համաձայն պետական վիճակագրական տվյալների՝ ՀՀ-ում 2001-2018թթ. ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների, ինչպես նաև վիրավորների և զոհերի թիվը ունի հետևյալ պատկերը.

2001 – 2018 թվականներին Հայաստանի Հանրապետությունում պետական

վիճակագրական հաշվառված  ճանապարհատրանսպորտային պատահարները

Տարեթիվ Քանակը Աճ / նվազում
  ՃՏՊ Զոհ Վիրավոր ՃՏՊ Զոհ Վիրավոր
2001 1021 237 1258 +  84 + 23 +  95
2002 1002 235 1213 –   19 –   2  –  45
2003 1025 252 1294 +  23 + 17 +  81
2004 1164 259 1492 + 139 +  7 + 198
2005 1312 310 1773 + 148 + 51 + 281
2006 1574 332 2089 + 262 + 22 + 316
2007 1943 371 2720 + 369 + 39 + 631
2008 2202 407 3125 + 259 + 36 + 405
2009 2002 325 2753  – 200 – 82  – 372
2010 1974 294 2670 –   28 –  31  –  83
2011 2319 327 3354 + 345 + 33 + 684
2012 2602 311 3739 + 283 –  16 + 385
2013 2824 316 3994 + 222 +  5 + 255
2014 3156 297 4479 + 332 –                  19 + 485
2015 3399 346 4738 +243 +49 + 259
2016 3203 267 4451 –                  196 –                  79 –   287
2017 3535 279 5179 +332 +12 +728
2018 4111 343 5950 +576 +64 +771

Թվային վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2005-2011թթ. ընթացքում ՃՏՊ-ների տարեկան թվաբանական միջինը կազմել է 1903 պատահար, իսկ 2012-2018թթ. ընթացքում` տեսանկարահանող սարքերի ներդրումից հետո, նշված թիվը կազմել է 3261 պատահար, այսինքն՝ մոտ 71 տոկոսով ավելի: Նույն ժամանակահատվածների համար զոհերի տարեկան միջին թիվը կազմել է համապատասխանաբար 338 և 308: Այլ կերպ ասած, 2012-2018թթ. ընթացքում` տեսանկարահանող սարքերի ներդրումից հետո, զոհերի թիվը  ՃՏՊ-ների՝ միջինը 71 տոկոս աճի պարագայում, նվազել է մոտ 8 տոկոսով, և սա այն դեպքում, որ 2012-2018թթ. Հայաստանի Հանրապետությունում ավտոպարկն ավելացել է 43%-ով (ավտոպարկի ավելացումը անխուսափելիորեն հանգեցնում է ՃՏՊ-ների ավելացմանը):

ՃՏՊ-ների հետևանքով վիրավորների միջին տարեկան թիվը 2005-2011թթ. կազմել է 2640, իսկ 2012-2018թթ.-ին՝ 4647, այսինքն` աճը կազմել է 76 տոկոս:

Վիրավորների և զոհերի տարեկան միջին թվերի միջև նման էական տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2011 թվականից ներդրվել է ԱՊՊԱ համակարգը, որը այլևս ՃՏՊ մասնակիցներին շահագրգռում էր ստացած վնասների համար, այդ թվում` առողջությանը պատճառված, փոխհատուցում ստանալու նպատակով գրանցել պատահարները կամ հետազոտման համար դիմել բուժհիմնարկ, որոնք էլ արտացոլվում են պաշտոնական վիճակագրության մեջ:

Առավել խոսուն է համակարգի կիրառումից անմիջապես հետո գրանցված վիճակագրությունը.

– 2009 թվականին Երևան քաղաքում ՃՏՊ-ի հետևանքով զովել է 72 մարդ, 2010 թվականին՝ 81 մարդ, 2011-ին՝ 92 մարդ (յուրաքանչյուր տարի գրեթե 10-ով զոհերի թվի ավելացում է արձանագրվել),

– 2012 թվականի հունվարի 16-ից արագաչափ սարքերը և տեսահսկման համակարգը սկսվել է կիրառվել հիմնականում միայն Երևան քաղաքում և այդ համակարգերի կիրառումից հետո Երևան քաղաքում 2012 թվականին արձանագրվել է 63 զոհ, այսինքն` զոհերի թիվը համակարգի կիրառումից անմիջապես հետո նվազել է 31.5%:

Չնայած զոհերի վերաբերյալ վիճակագրությունում դրսևորվող նվազման միտմանը, զոհերի տարեկան թիվը 2012 թվականից սկսած (և դրանից առաջ էլ) լուրջ մտահոգության տեղ է տալիս: Երթևեկության ապահովման ոլորտում անվտանգության բարձր մակարդակ ունեցող երկրների փորձը ցույց է տալիս, որ այդ երկրներում հաջողությամբ ներդրվել և կիրառվել է տուգանային միավորների` որպես վարչական տույժի ինքնուրույն տեսակի օրենսդրական նախատեսումը: Վարչական պատասխանատվության հիշյալ միջոցը գործում է 21 եվրոպական երկրներում և դրական արդյունքներ է տվել, օրինակ, Իտալիայում, Գերմանիայիում, Մեծ Բրիտանիայում, Մալթայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, ինչպես նաև Իսրայելում: Ֆրանսիայում, 2000-ական թվականների սկզբին ֆրանսիական ճանապարհները համարվում էին Եվրոպայում առավել վտանգավորը ՃՏՊ-ների և զոհերի թվով, ինչը իշխանություններին ստիպեց ՃԵԿ-ի նկատմամբ հսկողության ուժեղացման նպատակով ձեռնարկել առավել ակտիվ գործողություններ: Ֆրանսիայում տուգանային միավորների համակարգի ներդրումից սկսած ՃՏՊ-ների հետևանքով մահացու դեպքերի թիվը նվազել է 66 տոկոսով:

Կարծում ենք, որ տուգանային միավորի ինստիտուտի ներդրումը թույլ կտա երթևեկության արդյունավետ կազմակերպման և ճանապարհային ենթակառուցվածքների որակի բարելավմանը զուգընթաց (օրինակ` ճանապարհների որակի և ճանապարհների կահավորման որակի բարելավում) զգալիորեն բարձրացնել կարգապահությունը ճանապարհներին և նվազեցնել ՃՏՊ-ների ու դրանց արդյունքում արձանագրվող զոհերի ու վիրավորների թիվը:

Միաժամանակ, առաջարկվող համակարգի կիրառման արդյունքում օրենքի հարկադրական դրույթների ներգործության տիրույթում առավելապես կհայտնվեն պարբերաբար իրավախախտումներ կատարող վարորդները, իսկ օրինավոր վարորդները, որոնք, ի դեպ, բավականին մեծ թիվ են կազմում, առհասարակ կարող են այդ համակարգի գործողության տակ չընկնել: Այսպես` 2017 թվականի ընթացքում տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների վերլուծությունը (ըստ տրանսպորտային միջոցների քանակի) ունի հետևյալ պատկերը. 1 իրավախախտում կատարած տրանսպորտային միջոցների տեսակարար կշիռը կազմում է 30,9 տոկոս, 2 խախտում կատարածներինը` 18%, 3 խախտում` 11,6%, 4 խախտում` 8%, 5 խախտում` 5,9%: Այսինքն` տարեկան 1-5 խախտում կատարած տրանսպորտային միջոցների տեսակարար կշիռը կազմում է 74,6%, իսկ 6 և ավելի (մինչև 1000) իրավախախտում կատարած տրանսպորտային միջոցների տեսակարար կշիռը 25,4% է, ընդ որում` 11 և ավելի խախտում կատարածները` 11,2%: Ճանապարհային ոստիկանների կողմից հայտնաբերված խախտումներով պատկերը մի փոքր այլ է. 1-5 խախտում կատարած տրանսպորտային միջոցների տեսակարար կշիռը կազմում է 96,8%, իսկ 6 և ավելի խախտում կատարածներինը` 3,2%: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծով տուգանային միավորներ են նախատեսվում հանրային վնասակարության առավել բարձր աստիճան ունեցող իրավախախտումների համար, հետևապես ներդրվող համակարգի ազդեցությունը կտարածվի ներկայացված թվից առավել վտանգավոր և հանդուգն խախտումներ կատարող վարորդների վրա:

Միաժամանակ, վիճակագրությունը փաստում է, որ տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների թվի մեջ մեծ աճ է գրանցվել հատկապես արագության գերազանցման դեպքերով, ինչը ևս համարժեք արձագանք պետք է ստանա: Մասնավորապես, 2016-2017թթ հոկտեմբերի դրությամբ արձանագրված շուրջ 580.000 խախտումների համեմատ 2017-2018թթ նույն ժամանակահատվածում արագության գերազանցման խախտումների թիվն աճել է մոտ 330.000-ով և կազմել շուրջ 910.000: Բացի դրանից, զոհերով և վիրավորներով ՃՏՊ-ների առաջացման պատճառների և նպաստող պայմանների ցանկում արագության գերազանցումն առաջին տեղում է: Նշված ժամանակահատվածում աճել են նաև լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելու դեպքերը՝ 39.000-ից մինչև 44.000, իսկ հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու դեպքերը՝ 9.000-ից հասել են 13.000-ի:

Առաջարկվում է տուգանային միավորը, որպես լրացուցիչ վարչական տույժ, նախատեսել վարչական այն իրավախախտումների համար, որոնց կատարումը, համաձայն պետական վիճակագրական հաշվառման վերցված տեղեկությունների վերլուծության, ՃՏՊ-ների, այդ թվում` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործության, ինչպես նաև խցանումների հիմնական պատճառ կամ պայման են հանդիսանում:

Մասնավորապես.

– վարչական իրավախախտում կատարած անձի նկատմամբ յուրաքանչյուր իրավախախտման համար կիրառվելու է 0,5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավոր, որոնց չափը օրենսգրքի հատուկ մասով սահմանվելու է ելնելով վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից: Այնուամենայնիվ, անհամեմատ մեծ տարածում ունեցող իրավախախտումների պարագայում տուգանային միավորների համակարգի ներդրման նախնական փուլում նախագծով նախատեսվել են ցածր միավորներ` վարորդներին չծանրաբեռնելու նկատառումներից ելնելով, հաշվի առնելով նաև իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը: Այս մոտեցումը որդեգրվել է հիմք ընդունելով ոստիկանությունում առկա նախորդ տարիների վիճակագրական տվյալների վերլուծությունը: Հետագայում տուգանային միավորների չափերը կարող են վերանայվել` կախված կիրառման արդյունքներից.

– տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու (հետագայում՝ նաև կասեցված իրավունքը վերականգնելու) օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր.

– ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվելու են տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները.

–  եթե իրավախախտման համար հանվող միավորները գերազանցեն անձին տրված միավորների մնացորդը, ապա տուգանային միավորները հանվելու են այդ մնացորդի չափով` անկախ տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորների չափից.

– տուգանային միավորի ձևով վարչական տույժ նշանակելու յուրաքանչյուր դեպքում խախտողը իրազեկվելու է իրեն տրված տուգանային միավորների մնացորդի մասին, որի չափը պարտադիր նշվելու է որոշման մեջ.

– տվյալ տարում տուգանային միավորների կիրառման արդյունքում 3 և պակաս միավորների մնացորդ ունեցող վարորդներին տրվելու է տեսական քննություն հանձնելու միջոցով 2 միավորը վերականգնելու հնարավորություն.

– Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվում է պատասխանատվություն ճանապարհային երթևեկության այն կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ պարբերաբար կատարելու համար, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձևով.

– ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) պարբերաբար խախտում  համարվելու է 1 տարվա ընթացքում 3 և ավելի անգամ իրավախախտումներ կատարելը, որոնց համար կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 տուգանային միավոր.

– ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ պարբերաբար կատարելը, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձևով` առաջացնելու է վարչական տույժ` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ձևով` 6 ամիս ժամկետով (միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա օրենքով նախատեսվելու են կասեցման ժամկետները կրճատելու պայմաններ, օրինակ` ժամկետի կեսը լրանալուց հետո տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը վերականգնելու համար տեսական քննություն հանձնելը, ինչը ևս տեղ է գտել նախագծում).

 – տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, պարբերաբար խախտումներ կրկին կատարելը առաջացնելու է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով:

Ընդհանուր առմամբ առաջարկվում է տուգանային միավորը, որպես վարչական տույժի տեսակ, նախատեսել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված՝ ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի 100 խախտումներից 20-ի համար:

Տուգանային միավորի ինստիտուտը բացառելու է գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 305-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված իրավակարգավորումը, որի համաձայն` եթե կատարողական վարույթն ավարտվում է պարտապանի գույք կամ եկամուտներ չունենալու, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել, ինչպես նաև պարտապանի գույքը պահանջատիրոջ (պահանջատերերի) պահանջները բավարարելու համար բավարար չլինելու հիմքերով, և հարկադիր կատարման ներկայացված՝ իրավախախտումների գործերով կայացված որոշումների հիման վրա չկատարված դրամական պարտավորությունների (մեկից ավելի վարչական ակտերի դեպքում՝ դրանց հանրագումարի) չափը գերազանցում է սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը, ապա պարտապանը զրկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

ՎԻՎ օրենսգրքի 305-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունը պայմանավորված է երկու հանգամանքով.

ա) վարելու իրավունքից զրկելը վարչական տույժ է, պատասխանատվության միջոց, հետևաբար կարող է կիրառվել միայն վարչական զանցանքների համար: Քննարկվող դրույթը վարչական զանցակազմ չի պարունակում, իսկ պարզ ասած՝ պարտապանի կողմից  500.000 դրամ տուգանքը չվճարելը իրավախախտում չէ, հետևաբար դրա համար անձը տրանսպորտային միջոց վարելու իրավունքից չի կարող զրկվել:

բ) 500 000 դրամ տուգանքից վճարելով թեկուզ շատ փոքր մասը (օրինակ՝ 1000 դրամ), անձը փաստացի  կարող է խուսափել  տրանսպորտային միջոց վարելու իրավունքի զրկումից: Այսինքն` տվյալ դեպքում տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում ներգործության միջոցի կիրառումը անարդյունավետ է:

Վարչական պատասխանատվությունը երթևեկության բնագավառի պարբերաբար խախտումների համար, վարչական պատասխանատվության նոր միջոցների` տուգանային միավորի և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման նախատեսումը, մեր կարծիքով, երթևեկության անվտանգության ապահովման հուսալի, անհրաժեշտ և պիտանի գործիքներ են: Նյութական տուգանքը, ի տարբերություն թվարկված միջոցների, չնայած խստացման միտումներին, իրավախախտումների, զոհերի, վիրավորների թիվը էապես չի կրճատում, քանի որ սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների վրա թողնում է տարբեր ազդեցություն: Վարչական պատասխանատվության նոր ինստիտուտներն իրավախախտ վարորդներին նյութական լրացուցիչ զրկանքներ չեն պատճառելու, փոխարենը նպաստելու են վարչական իրավախախտումների ընդհանուր և հատուկ կանխարգելմանը:

 

3) Նախագծով առաջարկվող այլ փոփոխությունները միտված են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած որոշ խնդիրների լուծմանը: Մասնավորապես.

– Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին կամ 4-րդ մասերով նախատեսված իրավախախտում հայտնաբերելու դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) այդ իրավախախտումը կատարած անձին իրազեկում է իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում վարչական պատասխանատվության չենթարկվելու հնարավորության մասին: Անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում, եթե իրազեկումից անմիջապես հետո սկսում է իրականացնել վարչական իրավախախտման հատկանիշներն անմիջականորեն վերացնելուն ուղղված գործողություններ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները վարելու մասով նույն հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ պատասխանատվությունից ազատելու հնարավորություն ընձեռող նորմը ժամանակին իր դրական ազդեցությունն արդեն իսկ ունեցել է, և տրանսպորտային միջոցների օրինապահ սեփականատերերն իրենց տրանսպորտային միջոցի առջևի հողմապակին արդեն իսկ բերել են սահմանված տեսքի: Նույն դրույթը, սակայն, մի շարք վարորդների կողմից չարաշահվում է: Այսպես, սկսած 2016 թվականի հունվարի 11-ից (6-րդ մասով նախատեսված դրույթն ուժի մեջ է մտել այդ օրը) մինչև 2017 թվականի սեպտեմբերի 30-ը թվով 127 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ 3 և ավելի անգամ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, կայացվել որոշում, այնուհետև 24 ժամվա ընթացքում իրավախախտման հատկանիշները վերացնելու հիմքով օրենսգրքի 123-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով վերջիններս ազատվել են նշանակված տույժը կատարելու պարտականությունից (81-ը՝ 3 անգամ, 26-ը՝ 4, 7-ը՝ 5, 4-ական՝ 6 և 7, 2-ը՝ 8 և 3-ը՝ 10 և ավելի անգամ): Նշվածից ելնելով` նախագծով առաջարկվում է վերանայել հիշյալ խրախուսական նորմի կիրառման անհրաժեշտությունը և ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավախախտման մասով այն չկիրառել:

 – Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենuգրքի 124-րդ հոդվածի 35-րդ և 37-րդ մասերով նախատեսված պատասխանատվությունից ազատելու հնարավորություն ընձեռող նորմերը հստակ չեն տարանջատում, թե որ դեպքում պետք է երկու, իսկ որ դեպքում՝ չորս անիվներով հատել «հոծ գիծ» գծանշումը, որ արարքը դիտարկվի նվազ նշանակություն ունեցող, և անձը չենթարկվի պատասխանատվության, այլ նախազգուշացվի: Մասնավորապես. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենuգրքի 124-րդ հոդվածի 35-րդ մասի գործող խմբագրության պարագայում, եթե վարորդը տրանսպորտային միջոցների համընթաց հոսքերն իրարից բաժանող «հոծ գիծ» գծանշումը (խոսքը մինչև խաչմերուկին հասնելն արված գծերի մասին է) հատում է կողային երկու անիվներով, ապա դա չի դիտարկվում նվազ նշանակություն ունեցող, ինչն առաջ է բերում վարորդների դժգոհությունը: Նախագծով առաջարկվում է օրենuգրքի 124-րդ հոդվածի 35-րդ և 37-րդ մասերով նախատեսված` պատասխանատվությունից ազատելու հնարավորություն ընձեռող նորմերի խմբագրությունը հստակեցնել՝ նախատեսելով կանգ-գիծ, համընթաց հոսքերն իրարից բաժանող հոծ գիծ գծանշումների և հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելու հետ կապված հստակ չափանիշներ:

– Նախագծով առաջարկվում է նաև օրենսգրքի 283-րդ հոդվածից հանել գործի վերաբերյալ որոշումից հրաժարվելու դեպքում հրաժարվելու մասին անդորրագրի վրա պարտադիր ստորագրելու վերաբերյալ դրույթը, քանի որ գործնականում այդ նորմը կիրառելի չէ, և փորձը ցույց է տվել, որ որոշումը ստանալուց հրաժարվող ոչ մի հասցեատեր իր հրաժարվելու փաստը չի հավաստում ստորագրությամբ, այլ պարզապես հրաժարվում է որևէ գործողություն կատարելուց:

Մանրամասները՝

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել