Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
Ինչպես հայտնում է նախագահի պաշտոնական կայքը` Սերժ Սարգսյանը շնորհավորել է լրագրողներին գալիք տոների կապակցությամբ, մաղթել առողջություն, հաջողություններ և նաև, որ 2013 թվականին նրանց բարդ, բայց նաև հետաքրքիր ու ստեղծագործական աշխատանքը ծառայի մեր ժողովրդի և հասարակության առաջընթացին:
«Հարգելի´ լրագրողներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ,
անցնող տարում մենք ձեզ հետ միասին շարունակեցինք մեր ջանքերը երկրում խոսքի ազատության ու ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ: Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ ողջ տարվա ընթացքում և հատկապես խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձեր որակյալ աշխատանքի համար: Ես չեմ հիշում անկախ Հայաստանի պատմության մեջ որևէ ընտրություն, երբ մասնակիցների համար լրատվության այդչափ հասանելիություն եղած լիներ, ինչպես նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Մի բան էլ եմ արձանագրել. մեր լրագրողներից շատերն արդեն լրջորեն տիրապետում են քաղաքական գործընթացները լուսաբանելիս սեփական դիրքորոշումները մի կողմ դնելու կարողություններին: Սա արդեն պրոֆեսիոնալիզմն է, ինչն իրոք նկատելի է: Այն, ինչին մենք միասին հասել ենք, և ինչն այդպես տեսանելիորեն դրսևորվեց նախորդ ընտրությունների ժամանակ, իրոք, լուրջ ձեռբերում է, որից հետընթաց մենք ուղղակի իրավունք չունենք թույլ տալու: Ճիշտ հակառակը՝ պիտի շարունակենք առաջ գնալ:
Անշուշտ, ոմանց համար եղածը դեռ տեսանելի չէ, իսկ ոմանք էլ պարզապես չեն ցանկանում տեսնել: Բայց սա գործընթաց է, որը մենք ձեզ հետ միասին անշեղորեն շարունակելու ենք: Գնում ենք և գնալու ենք Հայաստանի համար միակ ընդունելի ճանապարհով:
Իհարկե խնդիրներ դեռ շատ կան, բայց կան մեր նպատակներին հասնելու երկու ամենակարևոր գործոնները` հասարակական պահանջը` մի կողմից և իշխանությունների քաղաքական կամքը` մյուս կողմից: Այսպիսով, մենք դաշնակիցներ ենք և միասին իրականացնում ենք առաքելություն, որի արդյունքներով պայմանավորված է ոչ միայն մեր երկրի ներկան, այլև` տեսանելի ապագան:
Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ արագորեն զարգանում են տեղեկատվության նոր միջոցները, սոցիալական ցանցերը, որոնք սկսում են մրցել ավանդական մամուլի և հեռուստատեսության հետ: Միաժամանակ, բոլորը գործում են կողք-կողքի: Ավել կամ նվազ չափով` բոլորն էլ անելիք և ասելիք ունեն: Մեր պարտքն է աջակցել բոլորին:
Պետական կառույցների հասարակական հսկողությունը, նրանց գործունեության թափանցիկության ապահովումը կախված է նաև լրատվամիջոցների արդյունավետության աստիճանից: Այդ աստիճանի բարձրացումը միայն մեր կամքով կամ միայն ձեր լավ աշխատանքով չի լինելու: Լինելու է մեր և ձեր ջանքերի համադրմամբ:
Նոր` 2013 թվականը շատ հարցերում վճռորոշ է լինելու մեր հասարակության համար: Այն, ինչ լուսաբանելու տեսանկյունից ձեռք ենք բերել նախորդ ընտրություններում, փետրվարյան ընտրությունների համար պետք է համարել սոսկ նվազագույն շեմ: Ավելին պետք է անենք: Ու խոսքը միայն ընտրություններին չի վերաբերում: Միասին մենք ժամանակակից պետություն ու ժամանակակից հասարակություն կառուցելու ճանապարհով ենք գնում: Եվ այստեղ մեծ է լրագրողների դերը: Ավելին` մեծ է պատասխանատվությունը բոլոր նրանց, ովքեր գրեթե ամեն օր շփվում են մարդկանց հետ, ովքեր գրեթե ամեն օր խոսք են ասում մարդկանց: Իմ կոչը և հորդորն է` չէժանացնել այդ խոսքը, չմոռանալ, որ մենք լուրջ նպատակներ և հավակնություններ ունենք, և նպատակների ու հավակնությունների արտահայտիչներ եք նաև դուք, սիրելի՛ լրագրողներ»,-Հանրապետության նախագահի նստավայրում կայացած տոնական ընդունելության ժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ուղղված իր շնորհավորական խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Լուսանկարը` president.am -ի
Աղբյուրը` Իրավաբան.net