Մայիսի 2-ին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին կներկայացնի դատախազության 2018 թվականի գործունեության մասին հաղորդումը:
Դատախազությունից Իրավաբան.net-ին հայտնում են, որ 2018թ. ընթացքում Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից մեծածավալ աշխատանք է կատարվել 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ քննվող թիվ 62202608 քրեական գործով:
Մասնավորպես, 2018թ. հուլիսի 3-ին նշված քրեական գործին է միացվել 2008 թվականի փետրվարի 23-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձի՝ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով նույն օրը հարուցված քրեական գործը:
Նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում է հարուցվել 2008 թվականի դրությամբ ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ, իսկ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով:
Քննչական խմբի կողմից գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու, մեղավոր անձանց շրջանակը պարզելու և նրանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով, որպես վկա հարցաքննվել են 1000-ից ավելի անձինք, հետաքննության մարմիններին՝ ՀՀ ոստիկանության, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ԱԱԾ համապատասխան ծառայություններին տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ բազմաթիվ հանձնարարություններ, նշանակվել է 23 փորձաքննություն, փորձաքննության է ներկայացվել ավելի քան 146 միավոր հրազեն և մեծ քանակությամբ զինամթերք, կատարվել է 40-ից ավելի խուզարկություն, քաղաքացիներից և պետական տարբեր հիմնարկներից կատարվել է 85 առգրավում: