ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի և ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի նախկին պետի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու մի շարք հանգամանքներ: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել:
Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:
Նախնական տվյալներով՝ 2012 թվականի մայիսի 21-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական նպատակով կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով, խոշոր չափերի առերևույթ յուրացումներ է կատարել:
Մասնավորապես՝ նախնական համաձայնության գալով տարատեսակ միջոցառումներ կազմակերպելու իրավասությամբ օժտված ՍՊ ընկերության տնօրենի հետ՝ որոշել է վարչական շրջանի տարածքում 2016 թվականի ապրիլի 7-ին «Մայրության և գեղեցկության» տոնին նվիրված միջոցառում կազմակերպելու պատրվակով յուրացնել այդ միջոցառման կազմակերպման և անցկացման համար նախատեսված գումարը:
Այդ նպատակով կազմվել է կեղծ փաստաթուղթ, այն է՝ հանձնման-ընդունման վերաբերյալ արձանագրություն, ըստ որի՝ ռեստորանում իբրև թե կազմակերպվել և անցկացվել է միջոցառում, սակայն այն իրականում տեղի չի ունեցել, որի արդյունքում վարչական շրջանի ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ընկերության տնօրենի հետ նախնական համաձայնությամբ, յուրացրել է միջոցառման կազմակերպման և անցկացման համար նախատեսված խոշոր չափի գումարը՝ համայնքին պատճառելով գույքային վնաս:
Նախաքննությամբ պարզվել են վարչական շրջանի ղեկավարի կողմից կատարված առերևույթ այլ չարաշահումներ ևս:
Այսպես՝ 2018 թվականի ընթացքում Երևանի քաղաքապետարանի և թվով 7 կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի համաձայն՝ Նոր Նորք վարչական շրջանի համար ձեռք են բերվել տարբեր տեսակի շինանյութեր, նստարաններ, ճոճանակներ և զրուցարաններ, սակայն պարզ չէ, թե երբ և ովքեր են ստացել նշված ապրանքատեսակները: Ապրանքների ձեռք բերումը հավաստող փաստաթղթերը ստորագրությամբ հաստատվել են վարչական շրջանի ղեկավարի կողմից, սակայն չեն կնքվել, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից միջոցառումներ չեն ձեռնարկվել ստացված ապրանքանյութական արժեքների նպատակային, ատդյունավետ օգտագործման ուղղությամբ, ինչպես նաև չեն ապահովվել դրանց օգտագործումը /ծախսը/ հավաստող համապատասխան հիմնավոր փաստաթղթեր:
Պարզվել է նաև, որ անհամապատասխանություններ են հայտնաբերվել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում գույքի հանձնման-ընդունման աշխատանքների արդյունքում, այն է՝ հիմնական միջոցների գույքագրման արդյունքներով ստեղծված հանձնաժողովի կողմից հաշվառվել է պակասորդ:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև՝ Նորք Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի կողմից առերևույթ կատարված յուրացումների վերաբերյալ: 2010 թվականի մայիսի 31-ից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, ի պաշտոնե հանդիսանալով գրենական պիտույքների ձեռքբերման և բաշխման գործընթացի պատասխանատու անձ` վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետը ցուցակներում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի տարբեր բաժիններին տրամադրված «A4» ձևաչափի թղթերի քանակի վերաբերյալ. ուռճացնելով դրանց քանակը՝ իրականում ավելի քիչ քանակի թուղթ է տրամադրել բաժիններին, իսկ թղթի՝ բաժիններին չտրամադրված ընդհանուր խոշոր չափ կազմող մասը յուրացրել է՝ համայնքին պատճառելով գույքային վնաս:
Նշված դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, և որոշում է կայացվել՝ դրանք մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:
Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննվել են աշխատակազմի աշխատակիցներ, կատարվել խուզարկություններ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով: