ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի իրացնելու, թմրամիջոցների՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության դեպքեր: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել:
2019թ. մարտի 25-ին` ժամը 14-ի սահմաններում, Հրազդան քաղաքի՝ 1984 թվականին ծնված բնակիչը, նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Գավառ քաղաքում Գեղարքունիքի մարզի՝ 63-ամայ բնակչից առերևույթ ձեռք է բերել կանեփից պատրաստված թմրանյութ, որի մի մասը հյուրասիրել է համաքաղաքացուն՝ ծնված 1971 թվականին, իսկ մնացած մասը` 2,68 գրամ քաշով, պահել իր ավտոմեքենայում:
Նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Հրազդան քաղաքի՝ 34-ամյա բնակիչը 2019թ. հունվար ամսվա սկզբներից մինչև 2019 թվականի մարտի 26-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 15 անգամ Գավառ քաղաքի՝ 63-ամյա բնակչից, փոխանակման միջոցով, յուրաքանչյուր անգամ ձեռք է բերել 8-10 ծխախոտի գլանակի չափով կանեփից պատրաստված թմրամիջոց:
Առգրավված բուսական ծագում ունեցող զանգվածի փորձաքննությամբ հայտնաբերվել են կաննաբինոիդների և թմրալկալոիդ` տետրահիդրոկաննաբինոլի հետքեր, որոնք հանդիսանում են կանեփի բույսի ալկալոիդներ, իսկ փորձաքննությանը ներկայացված 2,68 գրամ հաստատուն քաշով կանեփի բուսական մանրացված զանգվածը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Փաստի առթիվ Ոստիկանությունում 2019 մարտի 26-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով, որը նույն օրն ընդունվել է ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթ։
Քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, կատարվել են խուզարկություններ, որոնց ժամանակ Գավառ քաղաքի բնակչի բնակարանից հայտնաբերվել և առգրավվել են կանեփանման բույսի երկու առանձին զանգվածներ, որոնցից մեկը կազմել է 2,75 գրամ, իսկ մյուսը՝ 35 գրամ: Հրազդան քաղաքի՝ 34-ամյա բնակչի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 3.1 գրամ քաշով դեղնականաչավուն մանրացված զանգված:
2019թ. մարտի 29-ին Գավառ քաղաքի՝ 1955 թվականին ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
1984թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 1971թ. ծնված տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: