Թեմիսը, ով մեզանում ավելի շատ հայտնի է որպես Ֆեմիդա, հին հունական դիցաբանության արդարության, օրինականության և կանխագուշակումների աստվածուհին էր, ով հանդիսանում էր նաև Զևսի կինը: Ընդունված էր համարել, որ մինչև արդարադատության աստվածուհի դառնալը, վերջինս մարմնավորում էր վարքի «ճիշտ» նորմերը: Թեմիսը դադարելով Զևսի կինը լինելուց, դառնում է գերագույն Աստծու խորհրդատուն։ Նա հաղորդում էր մարդկանց Զևսի պատգամները և հրամանները։
Բոլորիս հայտնի է, թե Ֆեմիդայի արձանն ինչ խորհուրդ ունի. փակ աչքերը` խորհրդանշում է անաչառությունը, կշեռքը` արդարությունը, սուրը` աստվածուհու ուժը:
Ֆեմիդան, իր ձեռքում պահելով արդարադատության կշեռքը, որոշել է մարդկանց ճակատագրերը՝ կախված կյանքի ընթացքում նրանց կատարած մեղքերի քանակից:
Այլ կերպ ասած, կշեռքը խորհրդանշում է հավասարակշռված մոտեցում հանցագործության ու պատժի նկատմամբ, ուրեմն և, արդարադատությունը պայմանավորված է կշեռքի նժարների հավասարակշռվածությամբ:
Հունական դիցաբանությունից անցում կատարելով հայկական իրականություն, կարող ենք հանդիպել նաև այնպիսի Ֆեմիդայի, ով իր կշեռքի նժարներով կանխորոշել է արդարադատության իրականացման ուղիները և ուրվագծել անաչառության իր պատկերացումները: