Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնել էին Ազգային անվտանգության ծառայությունից:
Ի պատասխան մեր մեկ այլ հարցման, ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ, գնդապետ Ա. Աղաջանյանը նշել է, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քրեական գործը հարուցվել է 2018 թվականի հունիսի 26-ին: Իսկ մեղադրանքն Ալեքսանդր Սարգսյանին առաջադրվել է հուլիսի 9-ին:
Հիմք ընդունելով Սահմանադրության 34-րդ (Անձնական տվյալների պաշտպանությունը) և 66-րդ (Անմեղության կանխավարկածը), ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության 18-րդ հոդվածների պահանջները և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ անմեության պահպանելու, ինչպես նաև քննության հետագա բնականոն ընթացքը չվտանգելու տակտիկական նկատառումներից ելնելով ներկա փուլում մեր այն հարցադրումներին այն մասին, թե ո՞ր պետական կառույցի հաշվեհամարին է փոխանցվել ձեր պատասխանում հիշատակված 19.6 միլիոն ԱՄՆ դոլարը և ի՞նչ կապ ունի հիշյալ անհատույց նվիրատվությունը հարուցված քրեական գործի հետ կա արդյո՞ք հիշյալ անհատույց նվիրատվությունը ենթադրում է մեղմացուցիչ վերաբերմունք մեղադրյալ Ալեքսանդր Ազատ Սարգսյանի հանդեպ, ԱԱԾ֊ն պատասխան չի ներկայացրել։
Հայտնի չէ նաև, թե մասնավորապես ե՞րբ և ի՞նչ արարք կատարելու համար է մեղադրվում Ալեքսանդր Ազատի Սարգսյանը:
«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ հայցվող տեղեկատվության տրամադրման սահմանափակումը կարող է վերանալ՝ կախված քննության հետագա ընթացքից՝ հաշվի առնելով քրեադատավարական գործողությունների արդյունքում ստացված փաստական տվյալներն ու քննչական իրադրությունը»,-նշվում է ԱԱԾ պատասխանի մեջ:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Ալեքսանդր Սարգսյանին, թույլատրել է ժամանակավորապես դուրս գալ Հայաստանից: