Կառավարությունը փետրվարի 28-ի նիստի ժամանակ հավանություն տվեց 2018 թ․ N581-Ա որոշմամբ հաստատված և 2018 թ. հունիսի 7-ին Ազգային ժողովի հավանությանն արժանացած կառավարության ծրագրի վերաբերյալ զեկույցին։
Զեկույցում նշված է, որ զբոսաշրջությունը Հայաստանում 2018 թ. ընթացքում 2017 թ. համեմատ աճել է 10,5%-ով, ընդ որում՝ միայն 2018 թ. չորրորդ եռամսյակում Հայաստան այցելությունների թիվը կազմել է 1 024 738, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է շուրջ 16,6%-ով:
Հայաստանի զբոսաշրջային ճանաչելիության ավելացման ուղղությամբ միջազգային զբոսաշրջային տարբեր ցուցահանդեսներում տեղական զբոսաշրջային կազմակերպությունների համագործակցությամբ ներկայացվել են Հայաստանում զբոսաշրջային հնարավորությունները:
Տուրիստական գրավչությունը եւ տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով իրականացվել են մարզային մի շարք փառատոններ, իրականացվել են զբոսաշրջային տարբեր արդյունքների մշակման աշխատանքները, ինչպիսիք են ՀՀ Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքում տուրիստական կենտրոնի կառուցման աշխատանքները, «Գինու զբոսաշրջություն» բրոշյուրի եւ տեսահոլովակի պատրաստումը, «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» երթուղիների մշակումը։
Զբոսաշրջիկների համար տեղանքների եւ տրանսպորտային ուղիների հասանելիությունը բարձրացնելու նպատակով մեկնարկել է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների նշանների տարատեղման սխեմաների պատրաստումը։ Տեղադրվել են թվով 3500 ճանապարհային նշաններ։
Զբոսաշրջային վայրերի եւ հուշարձանների հասանելիությունը բարձրացնելու նպատակով իրականացվել են ճանապարհների վերականգնման աշխատանքներ (դեպի Գառնի, Տաթեւ, Կումայրի պատմական կենտրոնի տարածքում), լրացվել են զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները:
Զբոսաշրջիկների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով աշխատանքներ են սկսվել ԱԳԼՃԿ-ներում գործող հասարակական զուգարանների վիճակի բարելավման, բարեկարգման և դրանց տեղակայման վայրերում ցուցանակների տեղադրման ուղղությամբ։