Եթե անունը փոխել ցանկացող անձի նկատմամբ հարուցված է քրեական գործ, ապա դիմումը մերժվում է

Տասնվեց տարին լրացած անձն իրավունք ունի սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը և ազգանունը։ Այս մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:

Մինչև 16 տարեկան երեխաների անվան փոխման մասին դիմումը տրվում է նրա ծնողի /ծնողների/ կամ օրինական ներկայացուցիչների կողմից։ 10 տարին լրացած երեխայի անվան փոխման դեպքում անհրաժեշտ է նրա համաձայնությունը։

Մինչև 16 տարեկան երեխաների անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարել թույլատրվում է հետևյալ հարգելի պատճառների առկայության դեպքում`

ա) անվան, ազգանվան անբարեհնչունության.

բ) անվան, ազգանվան արտասանության դժվարության.

գ) ծնողների համաձայնությամբ մյուս ծնողի ազգանուն կրելու.

դ) եթե ծնունդ գրանցելիս երեխային ազգանուն կամ անուն է տրվել առանց ծնողների ցանկությունը հաշվի առնելու.

ե) եթե երեխան փաստացի կրում է իր ծննդյան գրանցման մեջ նշված անունից տարբերվող անուն՝ ելնելով երեխայի շահերից.

զ) եթե ծննդի գրանցման մեջ նշված է երեխայի թերի անունը (փաղաքշական, կրճատ, փոքրացնող)։

16 տարեկանից բարձր անձանց անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարել թույլատրվում է հետևյալ հարգելի պատճառների առկայության դեպքում՝

ա) անվան, հայրանվան, ազգանվան անբարեհնչունության.

բ) անվան, հայրանվան, ազգանվան արտասանության դժվարության.

գ) ամուսնու ցանկության՝ մյուս ամուսնու հետ միասին մեկ ընդհանուր ազգանուն կրելու.

դ) մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության.

ե) երեխաների հետ միասին ընդհանուր ազգանուն կրելու ցանկության, եթե ամուսինը մահացել է, իսկ դիմողը եղել է մինչամուսնական ազգանունով.

զ) դիմողի` փաստորեն դաստիարակող անձի անունով հայրանուն և ազգանուն կրելու ցանկության.

է) դիմողի ազգությանը համապատասխան ազգանուն և անուն կրելու ցանկության.

ը) դիմողի տոհմական ազգանունը կրելու ցանկության.

թ) եթե անձը փաստացի կրում է իր ծննդյան գրանցման մեջ նշված անունից տարբերվող անուն։

Մյուս դեպքերում անվան փոխում թույլատրվում է միայն բացառության կարգով` յուրաքանչյուր դեպքում հաշվի առնելով քաղաքացու խնդրանքը հիմնավորող փաստաթղթերը։

Անվան փոխման գրանցումը ՔԿԱԳ-ի մարմինների կողմից մերժվում է, եթե.
• ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Քաղաքացիական կացության ակտերի
• մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին,
• անունը փոխել ցանկացող անձի նկատմամբ հարուցված է քրեական գործ,
• անունը փոխել ցանկացող անձը կրում է քրեական պատիժ, ունի դատվածություն։

Անվան փոխման գրանցումը մերժելու մասին ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի կողմից քաղաքացուն տրվում է գրավոր պարզաբանում մերժման պատճառների մասին։ Քաղաքացուն բացատրվում է մերժումը բողոքարկելու կարգը և նրա կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են իրեն, իսկ լուսապատճենները և դիմումը պահվում են ՔԿԱԳ-ի մարմնում։ Անվան փոխման գրանցման մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել