Ինչպես արդեն հայտնել ենք, դեկտեմբերի 4-ին Ապարանի «Գնթունիք» սուպերմարկետի հարակից տարածքում խոչընդոտվել էր «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարոզարշավը, որն իրականացնում էին կուսակցության թիվ 7 ընտրատարածքի տարածքային թեկնածուներ Մարիամ Չախոյանը և Ռոբերտ Դավթյանը։ Անհայտ անձիք հորդորել էին հեռանալ տարածքից, նկարելու ընթացքում խփել հեռախոսին, խլել այն։ Տարածքում եղել էր նաև ոստիկան, որը չէր միջամտել։
Դեպքի առթիվ հարուցված և Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործը կարճվել է: ՀՔԾ հատկապես կարևոր գործերի քննիչ Վ.Մ. Սիմոնյանի կողմից րեական գործը կարճելու մասին որոշումը ստորագրվել է փետրվարի 11-ին:
Մարիամ Չախոյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ ՀՔԾ որոշումն անպայման կբողոքարկվի: Նրա խոսքով, այդ որոշումը կարելի է գնահատել որպես ժողովրդավարության կարևորագույն արժեքներից մեկի, հիմնարար սյուներից մեկի նկատմամբ լուրջ ոտնձգություն և ապրիլյան հեղափոխությունից հետո ակնհայտ հետընթաց:
«Մենք պիտի ունենայինք արդար և ազնիվ ընտրություններ, որը սկսզբունքորեն կայացավ, սա որպես այդպիսին միակ միջադեպն էր, որ գրանցվեց ամբողջ քարոզարշավի ընթացքում: Ինձ շատ հետաքրքիր էր տեսնել, ինչպես էր փոխվել մեր իրավապահ համակարգը, ինչպես, ինչ մեթոդներով են իրենք աշխատում և, ըստ էության, ինչ արդյունք է գրանցվելու վերջում: Իրավիճակը հուսադրող չէ, մենք գործ ունենք «արջի ծառայություն» մատուցող իրավապահ համակարգի հետ, գործ ունենք քաղաքապետ-«Գնթունիքի» սեփականատիրոջ հետ, որն, իմանալով, տեղեկացված լինելով այդ իրավիճակի մասին, պիտի շտապեր ներողություն խնդրել և համապատասխան գնահատական տալ, բայց մարդիկ նախընտրեցին այլ ճանապարհով գնալ»,-նշեց Մարիամ Չախոյանը:
Անդրադառնալով ՀՔԾ որոշմանը, նա նշեց, որ հարցաքննությունների ընթացքում պնդել է, որ լավ կլիներ, եթե հարցաքննությունները ձայնագրվեին, սակայն դրանք տեղի չեն ունեցել: Նա նշում է, որ այն, ինչ արձանագրվել է և այն, ինչի տակ ստորագրել է ինքը՝ խեղաթյուրված են ներկայացվել: «Օրինակ, ես հենց սկզբից, երբ ոստիկանության, ՀՔԾ քննիչի հարցաքննության ժամանակ նշել եմ, որ Հայկ Կիրակոսյանը, երբ մոտեցավ, ես խնդրեցի իրեն ներկայանալ, քանի որ նա մոտենում էր առանց որևէ տեսակի փաստաթուղթ ներկայացնելու այն մասին, որ ինքը «Գնթունիքի» աշխատակից է: Իսկ երբ ես խնդրեցի, որ ոստիկանություն կանչեր, ինձ պատասխանեց, որ՝ ես չեմ պատրաստվում ոստիկանություն կանչել, բայց դուք էստեղից կգնաք, որովհետև ես այդպես եմ կամենում»,- նշում է Մարիամ Չախոյանը:
Նրա խոսքով, նշված անձը սկզբում ներկայացել էր նաև որպես խանութի սեփականատեր և նրա նման պահվածքին ականատես լինելուց հետո է միայն սկսել հեռախոսով նկարել. «Նրա կողքը խմբվում էին տղամարդիկ, և ես այն զգացողությունը ունեցա, որ մեր նկատմամբ հնարավոր է բռնություն գործադրվի, որովհետև մենք չէինք պատրաստվում այնտեղից հեռանալ, մինչև ինքը բավարար հիմքեր չներկայացներ: Մենք անգամ մայթեզրին չէինք, իսկը ինքը փողոցն էլ էր ցույց տալիս, ասում՝ «իմնա, պիտի գնաք»:
Մարիամ Չախոյանը ՀՔԾ-ին հայտնել է նաև, որ տղամարդը, ով տեսախցիկի առկայությունը տեսնելուց հետո սկսել է իրեն կոռեկտ պահել, մինչ այդ հայհոյում էր, իսկ ներսում գտնվող կանայք անեծքներ էին հնչեցնում: «Այդ կինն ասում էր՝ անտեր ես, որովհետև եկել փողոցում թերթիկներ ես բաժանում: Այդ մարդը հետռախոսս վերցրել էր ու բարձրացել խանութի 2-րդ հարկ, ես իրենցից պահանջել եմ հեռախոսս, որ ոստիկանություն կանչեն: Իսկ սրա մասին ոչ մի խոսք չկա ասված որոշման մեջ, իսկ դա ապշելու է ուղղակի: Իրենք արձանագրել են այն, ինչ ուզել են և առերեսման ժամանակ ես արդեն իսկ հասակցա, որ քննիչը ակնհայտ ու բացահայտ ծառայում է Հայկ Կիրակոսյանին և պատկերն ինձ համար արդեն պարզ էր»,-նշեց նա:
Որոշման մեջ չի ներառվել Մարիամ Չախոյանի կողմից ներկայացրած ֆեյսբուքյան այն գրառումների լուսանկարները, որոնք հետևել են դեպքին: Միջադեպից հետո դրա մասնակիցները գտել են Մարիամ Չախոյանին ֆեյսբուքյան հարթակում և սպառնալից արտահայտություններ գրել: «Այսինքն, համարել են, որ դրանք էական նշանակություն չունեցող բան են և որպես ապացույց չեն ներառել»,-նշում է նա:
Մարիամ Չախոյանի խոսքով, ՀՔԾ-ն չի դիտարկել նաև այն հարցը, թե արդյոք այդ աշխատակիցները խանութում եղել են որպես գրանցված աշխատող:
Հաշվի չի առնվել նաև այն հանգամանքը, որ քարոզարշավ իրականացնելիս կինը և կուսակցության մեկ այլ անդամ՝ Ռոբերտ Դավթյանը կուսակցության մասին թերթիկներ են բաժանելիս եղել, որոնցում նշված է եղել, որ ինքն այդ մարզում առաջադրված է որպես ռեյտինգային թեկնածու: «Ես հարցաքննության ժամանակ մի քանի անգամ նշել եմ, որ բացառվում է Հայկ Կիրակոսյանին մոտենալիս չներկայանայի: Բացի այդ, հագուստից վրա կային համապատասխան նշաններ, իմ սպորտային պայուսակի վրա էլ գրված էր կուսակցության անունը և դա աչք էր զարնում: Ես ցույց եմ լուսանկարներով, թե ինչ հագուստով եմ եղել, ինչ էի վրաս կրում և մարդը չէր կարող ապակողմնորոշվել ու այլ պատկերացում ունենալ: Առավել ևս՝ չէին կարող գնալ բղոքել ու ասել, թե մենք խոչնդոտում էինք այցելուների մուտքը խանութ»,-նշում է Մարիամ Չախոյանը:
Մեզ հետ զրույցում նա նաև նշեց, որ Հայկ Կիրակոսյանը հայտնել է, թե չունի քաղաքական որևէ հետաքրքրություն, սակայն դրանից օրեր առաջ աղուհացով ընդունել են Նիկոլ Փաշինյանին ու նրա համակիրներին: «Դա ապացուցում է, որ մեր նկատմամբ գործողությունն ու այդ ակնհայտ վատ վերաբերմունքը քաղաքական կողմնորոշման ենթատեքստում պետք է դիտարկել, ինչը չի անում Հատուկ քննչական ծառայությունը»,-ասաց նա:
ՀՔԾ որոշման մեջ նաև նշվում է, որ խանութի տարածքում գտվող անձիք կարծել են, թե նրանք «Եհովայի» վկա են, ինչը, Մարիամ Չախոյանի դիտարկմամբ, կրոնական խտրականություն է:
Տարածքում նաև ոստիկաններ են եղել: Նրանք ևս հարցաքննվել են՝ նշելով, որ չեն լսել խանութի մոտ եղած վիճաբանությունը, դրա համար չեն մոտեցել:
«Մենք չունենք փոփոխություն, մենք չունենք անկախ քննչական մարմին, երևի իրենք դեռ իրենց կախյալ են զգում»,-նշում է նա՝ հավելելով, որ ընտրությունները պետք է ժողովրդավարության առանցքային արժեքը լինեն, իսկ այդ ամենը արվել է հենց խորհրդարանական ընտրությունների ֆոնին:
ՀՔԾ որոշմանը ծանոթացեք ստորև.