Ինչպե՞ս առաջադրվել ՀՀ Նախագահի թեկնածու

ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և քաղաքացիները` ինքնաառաջադրման միջոցով:

 

Կուսակցությունը Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրում է իր համագումարի կամ մշտապես գործող մարմնի որոշմամբ: Յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի առաջադրելու Հանրապետության Նախագահի մեկ թեկնածու:

 

Ինքնաառաջադրման դեպքում քաղաքացին ներկայացնում է դիմում ինքնաառաջադրման մասին` վավերացված նոտարական կարգով:

 

Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության համագումարի կամ մշտապես գործող մարմնի որոշումը, քաղաքացու ինքնաառաջադրման մասին դիմումը ներառում են թեկնածուի`

 

1) ազգանունը, անունը, հայրանունը.

 

2) ծննդյան ամսաթիվը.

 

3) բնակության վայրը.

 

4) աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).

 

5) կուսակցական պատկանելությունը:

 

Կուսակցության համագումարի կամ մշտապես գործող մարմնի որոշմանը, քաղաքացու ինքնաառաջադրման մասին դիմումին կից ներկայացվում են նաև`

 

1) թեկնածուի լիազոր ներկայացուցչի տվյալները (նշվում են ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)).

 

2) ընտրական գրավի վճարման անդորրագիրը.

 

3) տեղեկանք թեկնածուի` վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու և վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.

 

4) թեկնածուի գրավոր հայտարարությունը` Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին (միայն կուսակցության կողմից առաջադրվելու դեպքում).

 

5) թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

 

6) կուսակցության կանոնադրությունը (միայն կուսակցության կողմից առաջադրվելու դեպքում):

 

Վերը նշված փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) է ներկայացվում միայն թեկնածուի կամ լիազոր ներկայացուցչի միջոցով` քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55, և ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցվելու համար ներկայացրած փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում ԿԸՀ-ն պարտավոր է այդ փաստաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրել դրանց վրա` շտկելու նպատակով, ինչպես նաև նրանց ներկայությամբ, ինքնուրույն ուղղել ներկայացված փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները, վրիպակները:

 

Ներկայացված փաստաթղթերում նշված անճշտությունների կամ դիմումին կից ներկայացված փաստաթղթերը թերի լինելու դեպքում ԿԸՀ-ն 48 ժամ է տալիս նշված անճշտությունները վերացնելու, կից ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում թեկնածուի գրանցումը մերժվում է:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել