Հետաքննությունն ավարտվում է քրեական գործ հարուցելու պահից 10 օրվա ընթացքում:
Քրեական գործով նախաքննությունը պետք է ավարտվի ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում: Այդ ժամկետը հաշվվում է քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելու օրվանից և ավարտվում է գործը դատարան ուղարկելու մասին կամ գործով վարույթի կարճման մասին որոշման կայացման օրը:
Քրեական գործի նյութերին մեղադրյալի կամ նրա պաշտպանի ծանոթանալու ժամկետը չի մտնում գործի քննության ժամկետի մեջ: Եթե մեղադրյալը կամ նրա պաշտպանն առանց հարգելի պատճառների ձգձգում են քրեական գործին ծանոթանալը, քննիչի որոշմամբ կարող է սահմանափակվել ծանոթանալու ժամկետը:
Նախաքննության ժամկետի մեջ չի հաշվակցվում այն ժամանակը, որի ընթացքում նախաքննությունը սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով եղել է կասեցված:
Նախաքննության ժամկետը կարող է երկարացնել դատախազը` քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա:
Քննության ժամկետը երկարացնելու մասին պատճառաբանված որոշումը քննիչը պարտավոր է ներկայացնել դատախազին` քննության ժամկետը լրանալու օրվանից առնվազն 3 օր առաջ:
Քրեական գործի նախաքննությունը վերսկսելու, քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելու, ինչպես նաև կարճված գործի վարույթը նորոգելու դեպքերում նախաքննությունը պետք է ավարտվի մեկամսյա ժամկետում՝ համապատասխանաբար գործի նախաքննությունը վերսկսելու մասին որոշում կայացնելու, լրացուցիչ քննության վերադարձված քրեական գործը քննիչի կողմից ստանալու, գործի վարույթը նորոգելու մասին որոշում կայացնելու օրվանից սկսած։ Այդ ժամկետի հետագա երկարացումը կարող է կատարվել սույն օրենքով սահմանված կարգով:
Աղբյուրը` Իրավաբան.net