ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում ներկայումս իրականացվում է Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի, Երևանի Հակոբ Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիրի, Երևանի Հ. Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցի և Երևանի «Հերացի» ավագ դպրոցի ուժեղացման աշխատանքների նախագծման աշխատանքները:
Առաջիկայում նախատեսվում է սկսել նաև Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի և Երևանի թիվ 116 հիմնական դպրոցի նախագծային աշխատանքները: Վերոնշյալ դպրոցների շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2019 թվականին:
Ծրագրի պահանջներից է, որ 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում շենքերը պետք է չքանդվեն, այս նպատակով նախագծերն անցնում են նաև միջազգային փորձաքննություն:
Միջազգային փորձագետի պահանջի հիման վրա իրականացված շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ շենքերում բետոնյա շաղախը ժամանակի ընթացքում կորցրել է իր ամրությունը և վերածվել է ավազի: Հետագա ընթացքի համար փորձագետի կողմից առաջարկվեց՝
- Քանդել ամբողջությամբ շենքերը և տեղում կառուցել նորերը,
- Թողնել գործող շենքերը և նորերը կառուցել այլ վայրերում,
- Շենքերի պատերը ամբողջությամբ ամրացնել բետոնի ներարկման միջոցով,
- Իրականացնել շենքերի պատերի (բացի արտաքին) երկկողմանի ուժեղացում:
Ներկայացված մոտեցումները քննարկվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ և առաջարկվում է պահպանել դպրոցների ճակատային պատերը, ամրացնել դրանք և կառուցել նոր դպրոցներ նույն տեղում:
Կառավարության որոշման սույն նախագծի կազմմանը մասնակցել են նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատակիցները:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշված նախագիծը փետրվարի 6-ին կներկայացնի կառավարության հավանությանը:
Կառավարության որոշման կիրառման արդյունքում ակնկալվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին լիազորությունների շնորհում սույն որոշման հավելվածով նախատեսված շենք շինությունների քանդման գործընթացը ՀՀ օրենսդրության համաձայն իրականացնելու նպատակով:
Կառավարության որոշման ընդունման դեպքում հնարավոր կլինի իրականացնել ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում ընդգրկված թվով 6 դպրոցական շենք շինությունների քանդման աշխատանքների իրականացումը՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան: