Աբովյանում՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել:
Այս մասինԻրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«Գործով արդեն երկու ձերբակալված անձ կա»,-նշեց նա:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 29-ին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեկ անձ ձերբակալվել էր երեկ՝ հունվարի 29-ին։ Վերջինս Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1995 թ. (Ա. Թովմասյան) և կասկածվում է խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեջ։
Հիշեցնենք, որ հնչած կրակոցների հետևանքով մահացել է Աբովյանի քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ևս 7 անձ՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ զինված միջադեպի բոլոր մասնակիցների, այդ թվում հրազեն կիրառած անձանց ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ։