Ծառայությունները կթանկանան ամենաքիչը 20 %-ով. մասնագետները ստվերի դաշտում կաշխատեն. Տիգրան Գասպարյան

Հունվարի 24-ին, մի խումբ հասարակական կառույցներ գրությամբ դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով այն բացասական հետևանքները, որոնք բխում են երեկ հանրային քննարկման ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի նախագծից:

Այս փաստաթղթով նախատեսվում է  հաշվապահական հաշվառման, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց,  այդ թվում` փաստաբանների, խորհրդատվական ընկերությունների համար շրջանառության հարկ վճարող համարվելու հնարավորությունը սահմանափակել:

ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի տնօրեն Տիգրան Գասպարյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է, որ նախագծի նման կերպով ընդունման դեպքում հաշվապահական, խորհրդատվական ծառայությունները կթանկանան ամենաքիչը 20 տոկոսով:

«Այդ ամբողջ դաշտը՝ հաշվապահական, իրավաբանական խորհրդատվական, իրենք շատ հեշ կանցնեն ստվերի դաշտ: Ստվերի կրճատմանն ուղղված քայլերը տանելու են հենց ստվերի ստեղժմանը: Այդ ժամանակ ՊԵԿ-ը գործիքակազմ չի ունենալու, որ պայքարի այդ ստվերի դեմ»,-նշում է Տիգրան Գասպարյանը:

Նշենք, որ վարչապետին ուղղված գրության մեջ նշվում է նաև, որ մի շարք հասարակական կազմակերպությունների և կառույցների, հաշվապահական, իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերությունների, այդ թվում` փաստաբանների, խորհրդատվական ընկերությունների նախաձեռնությամբ, նախքան նախագիծը կառավարության նիստի օրակարգում ներառելը, նախատեսվում է 2019թ. հունվարի 30-ին ժամը 15:00-ից մինչև 17:00-ն «Անի» հյուրանոցի (ք.Երևան, Սայաթ-Նովա 19) «Նաիրի» սրահումիրականացնել բաց մասնագիտական հանրային քննարկում՝ առավել մանրամասն և փաստարկված կերպով ներկայացնելու օրենսդրական այդ նախաձեռնության բացասական հետևանքները, ինչպես նաև լսելու նրանց մեկնաբանությունները:

Նախաձեռնությանը կարող են միանալ բոլոր ցանկացողները: 

Վարչապետին ուղղված նամակում ներկայացված փաստարկներ, որոնք հիմնավորում են նման քայլի բացասական հետևանքները.

  1. Ինչպես հաշվապահական հաշվառման և իրավաբանական ծառայությունների ոլորտում, այնպես էլ մյուս մասնագիտական ծառայությունների ոլորտում շարունակում է զգալի ծավալ կազմել ստվերը, որի դեմ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն գործնականում չունի և չի կարող ունենալ պայքարի արդյունավետ գործիքակազմ: Փոխանակ կենտրոնանալու եղած ստվերը նվազեցնելու միջոցառումների վրա, նման նախաձեռնությունը միանշանակ խորացնելու է ստվերը, իսկ պետությունը միանշանակ կորցնելու է հարկային եկամուտներ:
  2. Եթե անգամ տեսականորեն ենթադրենք, որ հաշվապահական և իրավաբանական ծառայություններ մատուցող անձինք գործելու են օրենքի դաշտում (ինչը, մեր կարծիքով շատ դժվար է հիմնավորել), այլ ոչ թե ստվերում, ապա այս նախաձեռնությունը թանկացնելու է հենց փոքր բիզնեսին մատուցվող ծառայությունների գները և մեծացնելու է ՓՄՁ ծախսերը, քանի որ ներկայումս շրջանառության հարկով աշխատող սուբյեկտները հաշվապահական և իրավաբանական ծառայություններ են մատուցում հիմնականում փոքր բիզնեսին, որոնք աշխատում են շրջանառության հարկով կամ ընտանեկան ձեռնարկատիրության համակարգում, ինչպես նաև ֆիզիկական անձանց: Հակառակ պատկերն է հաշվապահական և իրավաբանական ծառայություններ մատուցող խոշոր կազմակերպությունների մոտ, որոնք ծառայություններ են մատուցում ԱԱՀ վճարող խոշոր կազմակերպություններին, և վերջիններս իրենք են պահանջում, որ ծառայություն մատուցողները աշխատեն ԱԱՀ-ով հարկման դաշտում, որպեսզի ԱԱՀ-ի հաշվանցման հնարավորություն ունենան: Հետևաբար վերոնշյալ փոփոխվող դրույթը չի կարող լինել, որպես բոլոր ծառայություններ մատուցողների համար հավասար դաշտի ապահովման գործիք:
  3. Մասնագիտական ծառայությունների ոլորտը կայացնելու տեսանկյունից սա ակնհայտ հետադարձ քայլ է, քանի որ Հարկային օրենսգրքի ընդունմամբ, երբ 2018 թվականի հունվարի 1-ից հնարավորություն ընձեռվեց շրջանառության հարկով աշխատելու նաև հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպություններին (մինչև օրենսգրքի ընդունումը նման հնարավորություն ընձեռվում էր միայն անհատ ձեռնարկատերերին, որը հանգեցնում էր կամ ստվերում գործելու կամ էլ Ա/Ձ-ների միջոցով գործելու պրակտիկայի արմատավորմանը), ոլորտը ֆորմալացման առումով էական դրական տեղաշարժ է արձանագրել:
  4. Մասնագիտական ոլորտում փոքր շրջանառություններ ունեցող տնտեսավարող սուբյեկտները դուրս են մղվելու շուկայից` իրենց տեղը զիջելով հարկման ընդհանուր դաշտում գործող ԱԱՀ վճարողներին, քանի որ գնային առումով հարաբերական առավելություն չեն ունենալու, իսկ խոշորները իրենց հաստատուն ծախսերի շնորհիվ կհայտնվեն առավել բարենպաստ կարգավիճակում: Հուսով ենք ՀՀ կառավարությունը նման քաղաքականություն իրագործելու մտադրություն չունի:
  5. Անհասկանալի է, առհասարակ, մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկից դուրս բերելու գաղափարը այն ապարագայում, երբ ոչ մասնագիտական ծառայությունները շարունակվելու են հնարավորություն ունենալ աշխատելու շրջանառության հարկով: Միայն, այն հանգամանքը, որ մասնագիտական ծառայություններ մատուցողները ունեն բավարար կարողություններ ինքնուրույն ավելացված արժեքի հարկի հաշվառում վարելու համար, դեռևս բավարար չէ այս ոլորտը հարկման առումով տարբերակելու համար, քանի որ հարկային բեռի տարբերությունը հարկման ընդհանուր և հատուկ համակարգերի միջև էական է: Նույն տրամաբանությամբ մասնագիտական ծառայություններ մատուցողները կարող են ինքնուրույն վարել նաև ակցիզային հարկի հաշառում: Ինչևէ, նման պարագայում նախատեսվող օրենսդրական միջոցառման բացասական արդյունքներն անհամեմատ գերազանցելու են այն օգուտներին, որը թվում է, որ պետությունն ունենալու է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել