Քաղաքապետի որոշմամբ մերժվել է փոխհատուցել վարորդի կրած վնասը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, հունվարի 23-ին, ժայռաքարերի թափվելու արդյունքում վնաս կրած քաղաքացու դիմումը մերժելու որոշում է ստորագրել:

Որոշման մեջ ասվում է, որ 2018 թվականի նոյեմբերի 1-ին Արթուր Խաչատրյանը դիմում է ներկայացրել Երևանի
քաղաքապետարան՝ հայտնելով, որ Միյասնիկյան պողոտայում ժայռաքարերը թափվելու արդյունքում կրել է վնաս ու խնդրել է հատուցել:

Դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն ,հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:

2018 թվականի դեկտեմբերի 27-ին հրավիրված վարչական վարույթի լսումներին ներկայացել և մասնակցել է նաև դիմումատուն՝ Արթուր Խաչատրյանը: Դիմումով խնդրել է տրամադրել փոխհատուցում փորձագիտական եզրակացության մեջ նշված գումարի չափով, ինչպես նաև տվյալ եզրակացության համար վճարված 54.000 ՀՀ դրամ գումարը:

Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 13-ին տրված փորձագիտական եզրակացության համաձայն՝ մեքենային պատճառված վնասը կարող է կազմել 315.000 ՀՀ դրամ գումար:

Որոշման մեջ նշված վարչական ակտն ընդունելու հիմնավորումներում ասվում է.

Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի  43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝  անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Քաղաքացիական օրենսգրքի 1058–րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ սույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արթուր Խաչատրյանի կողմից չեն ներկայացվել վնասի փոխհատուցման պահանջը հիմնավորող ապացույցներ  և ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1058-րդ հոդվածի 1-ին կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի  43-րդ և 96–րդ հոդվածներով՝ որոշվել է վարորդի վնասի փոխհատուցում տրամադրելու մասին դիմումը մերժել:

Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

Հավելենք, որ որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել