ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու դեպքի առթիվ:
Նախնական քննությամբ՝ 2019 թվականի հունվարի 11-ին ՝ ժամը 19:50-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի տներից մեկից կատարվել էր զգալի չափերի գողություն:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը հայտնում ենք, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող բնակարանում վարձակալության հիմունքներով բնակվում է Լոռու մարզի դատախազ Ա.Մարտիրոսյանը: Վերջինս և բնակարանի սեփականատերը ճանաչվել են տուժող:
Իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, տվյալներ են ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնության վերաբերյալ:
Հանցագործություն կատարելու կասկածանքով նույն օրը բերման են ենթարկվել Վանաձոր քաղաքի չորս բնակիչներ՝ ծնված 1993, 1992, 1995, 1991 թվականներին: Վերջիններս նույն օրը ձերբակալվել են՝ գողություն կատարելու կասկածանքով:
2019 թվականի հունվարի 13-ին որոշումներ են կայացվել՝ Վանաձոր քաղաքի 1991, 1993 և 1995 թվականներին ծնված բնակիչներին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, իսկ 1992 թվականին ծնված բնակչին` 38-34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:
Քննիչը 2019 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 12: 52-ին, միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:
2019 թվականի հունվարի 14-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է 1995 թվականին ծնված բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Նույն օրը դատարանը քննել է նաև Լոռու մարզի`1992 թվականին ծնված բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդությունը և բավարարել:
Մինչ վերջինիս խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելը և խորհրդակցական սենյակ հեռանալը, նկատի ունենալով, որ ձերբակալման օրենքով սահմանված 72 ժամը լրացել է, մյուս երկու մեղադրյալներին դատավորն ազատ է արձակել և հեռացել խորհրդակցական սենյակ: Մինչ դատավորի` խորհրդակցական սենյակից վերադառնալը վերոհիշյալ երկու անձինք դիմել են փախուստի:
Նախաքննության ընթացքում կատարվել են տուժողի, մեղադրյալների, մի շարք վկաների հարցաքննություններ, դեպքի վայրի, փաստաթղթերի զննություններ, անձնական, բնակարանների, ավտոմեքենայի խուզարկություններ, հետազոտման համար ստացվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դատամատնադրոշմային, համալիր դատահետքաբանական և դատանյութագիտական փորձաքննություններ, ինչպես նաև՝ քննչական ու դատավարական այլ գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`
օրինական ուժի մեջ մտածդատավճռով: