Եթե փաստեր ներկայացվեն, ես հրաժարական կտամ և այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվի. Դավիթ Սանասարյանը՝ Միխայիլ Աղաջանովի հայտարարության մասին

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հերքում է տեղեկությունները, թե իր մամուլի խոսնակ Զարուհի Մեջլումյանը ճնշումներ է գործադրել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման հարցին դրական եզրակացության տրման գործընթացի վրա:

Մհեր Ենոքյանը, որը դատապարտվել է 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի սպանության համար,իր մեղքը չի ընդունել:

Սպանվածի հայրը, Միխայիլ Աղաջանովը, երեկ Զարուհի Մեջլումյանին առնչվող բաց նամակ էր հղել՝ մատնանշելով, որ նա օգտագործում է իր «պաշտոնական լծակները ամուսնուն ազատ արձակելու համար»:

«Զարուհի Մեջլումյանը իր աշխատանքը բարձր որակով է կատարում, և դա մտնում է միայն Պետական վերահսկողական ծառայության գործառույթների մեջ: Ես գիտեմ՝ ինչ «մանիպուլյատորներ» են փորձում սա անել: Երբ Զարուհի Մեժլումյանն աշխատանքի էր ընդունվում ՊՎԾ-ում, ասում էր, որ նման հարձակումներ են հնարավոր: Ես որևէ պաշտոնյայի չեմ հրահանգել այս կամ այն դիրքորոշում հայտնել: Եթե փաստեր ներկայացվեն, ես հրաժարական կտամ եւ այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվի»,-նշեց ՊՎԾ պետը:

Հիշեցնենք, որ 20 տարեկանում` 1996 թ-ին Մհեր Ենոքյանը դատապարտվել է մահապատժի` մեղադրվելով համակուրսեցու`սպանության մեջ /ՀՀ Քր.Օր.-ի 99-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետեր/: ՀՀ նախագահի 2003 թ-ի հրամանագրով` ի թիվս 41 մահապատժի դատապարտվածների, պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման:

Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել դատարանում: Գործով մյուս մեղադրյալն Արամ Հարությունյանը դատապարտվել էր նույն գործով, սակայն 15 տարի ազատազրկման: Նա այժմ ազատության մեջ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել