Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել. «Այսօր մի շարք լրատվական միջոցներ տարածել են «Ժամանակ» թերթի #2(3711) համարում հրապարակված նյութն առ այն, որ դեկտեմբերի 8-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հանդիպելով Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ, իբր «նախատինքի խոսքեր է հնչեցրել ավագանու անդամների և քաղաքապետարանի ղեկավարության հասցեին և իր կուսակիցներին մեղադրել քաղաքային տնտեսության կառավարումը տապալելու մեջ»։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հերքում է այս տեղեկատվությունը՝ փաստելով, որ ներկայացվածն աղերս չունի իրականության հետ։
Հաստատում ենք, որ հունվարի 8-ի երեկոյան կայացել է Երևանի ավագանու ընտրություններից հետո առաջին նմանատիպ ներթիմային հանդիպումը, որի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում ավագանու դերի, օրենսդրական բարեփոխումների, հանրության հետ աշխատանքի և թիմի ընդհանուր տեսլականի շուրջ։
«Ժամանակ» օրաթերթին հորդորում ենք համարժեք կերպով հրապարակել սույն հերքումը, նույնը խնդրում ենք անել ապատեղեկատվությունը վերատպած այլ լրատվամիջոցներին:
Կոչ ենք անում, առհասարակ, խմբակցությանը վերաբերող ոչ պաշտոնական տեղեկատվությունը տարածելուց առաջ դրա հավաստիությունը ճշտել խմբակցության ղեկավարից կամ քարտուղարից, և չնպաստել ապատեղեկատվության տարածմանը»։