Իրավաբան.net-ը հունվարի 7-ին անդրադարձել էր տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից կատարված պետական գնումներից 3 պայմանագրերի: Սրանց համաձայն նախարարությունը որպես հուշանվեր ձեռք էր բերել «Կարին» թևնոց (78 000 դրամ), տղամարդու և կանացի հայկական տարազներ (225 000 դրամ, 275 000 դրամ):
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն արձագանքել է հրապարակմանը՝ նշելով, թե ինչի համար են կատարվել այդ գնումները:
«Նշված գնումն իրականացվել է Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի մասնակից պետությունների մշակութային ժառանգությանը նվիրված մշտական ցուցահանդեսի շրջանակներում։ Ցուցահանդեսը կազմակերպել էր Եվրասիական արտոնագրային գերատեսչությունը, որի նպատակն էր տարածաշրջանի երկրների մշակույթի և ավանդույթների ներկայացումն ու տարածումը: Որպես ցուցահանդեսի առանցքային տարր՝ նախատեսվում էր անցկացնել Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի մասնակից պետությունների ազգային տարազների ցուցադրություն։
Այդ իսկ պատճառով Եվրասիական արտոնագրային գերատեսչությունը դիմել էր ՀՀ ՏԶՆՆ Մտավոր սեփականության գործակալությանը՝ տրամադրելու հայկական ազգային տարազ։ Կից ներկայացնում ենք գերատեսչության համապատատասխան գրությունն՝ ուղղված Մտավոր սեփականության գործակալությանը, ինչպես նաև ընդունման-հանձնման ակտն առ այն, որ տարազներն անժամկետ տրվել են Եվրասիական արտոնագրային գերատեսչությանը»,-նշվում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պարզաբանման մեջ:
Լուսանկարը՝ նախարարության
Ալիսա Չիլինգարյան