Հունվարի 6-ի դրությամբ հանրապետությունում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 541, թոքաբորբով 184 հիվանդ. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորսյանը հայտնում է, որ համաձայն ամենօրյա վիճակագրության՝ հունվարի 6-ի դրությամբ պոլիկլինիկական կազմակերպություններ դիմել է շնչառական վարակներով 526 հիվանդ։ Տվյալ օրվա դրությամբ հանրապետությունում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 541, թոքաբորբով 184 հիվանդ։ Բոլորն ունեն առողջացման դրական շարժընթաց։

«Հաշվի առնելով գրիպի ու սուր շնչառական վարակների սեզոնը և տոնական օրերը, այսօր այցելել ենք Երևան քաղաքի մի շարք բժշկական կենտրոններ, որտեղ հոսպիտալացված են սուր շնչառական վարակներով հիվանդներ։

Ես եղել եմ Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, Սուրբ Աստվածամայր և Արաբկիր բժշկական կենտրոններում, իսկ նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը՝ Մուրացան համալսարանական և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոններում։

Ներկայումս դիտվող իրավիճակն ու շնչառական վարակների աշխուժացումը համահունչ է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնին։ Համեմատելով նախորդ տարվա հետ՝ արձանագրված տվյալները գտնվում են նույն մակարդակի վրա։

Հանձնարարարել եմ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տարածքային ստորաբաժանումներին դասերի սկսմանը զուգնընթաց դպրոցական և նախադպրոցական հաստատություններում կատարել ընտրանքային ջերմաչափումներ, որպեսզի չլինեն շեղումներ թույլատրելի նորմաներից։

Ուզում եմ հատուկ շեշտել, որ մանկական հիվանդանոցների հարաբերական ծանրաբեռնվածությունը պայմանավորված է նաև պոլիկլինիկական համակարգի մոտավորապես տաս օր ամբողջ հզորությամբ չաշխատելով, ինչն անթույլատրելի եմ համարում։ Հետևաբար ոչ աշխատանքային օրերը կրճատելը, բացի տնտեսական և այլ նպատակներից, ունի նաև բնակչության առողջական վիճակը բարելավելու հստակ նպատակ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել