Փաստաբան Նորայր Նորիկյանի կարծիքով, 2018 թվականին ժողովրդի ինքնագնահատականը մի քանի անգամ բարձրացել է: Նրա խոսքով, Հայաստանում այժմ ակտիվ քննարկումների առանցքում գտնվող թեմայի՝ անցումային արդարադատության հետ կապված շատ կարևոր է ստեղծել անցումային արդարադատության ռազմավարական հայեցակարգը: Իրավաբան.net-ի հետ զրույցում փաստաբանն ամփոփել է տարին:
-Պարոն Նորիկյան, 2018 թվականը ի՞նչ փոխեց Ձեր կյանքում և հայաստանյան իրականությունում: Արդյո՞ք հաջողված տարի էր այն:
-Ի՛նչ խոսք, դրամատիկ ու բոլոր դեպքերում հաջողված տարի էր: Բոլորիս կյանքում շատ բան փոխվեց: Մեր ժողովրդի ինքնագնահատականը մի քանի անգամ բարձրացավ: Մեր ժողովուրդն ապացուցեց, որ չի հանդուրժելու որևէ մեկի անձնական իշխանության հավերժացմանը, և իր գործողություններով ապացուցեց, որ արժանի է հարգանքի:
-2018թ-ի հատկապես ո՞ր դատական գործերը կամ դատական ակտերը կառանձնացնենք և ինչու՞:
-Բնականաբար, հասարակական հնչեղություն ունեցող գործերը միշտ էլ առանձնանում են, սակայն ինձ համար, որպես փաստաբանի, առավել կարևոր է արդարադատության իրականացման ողջ գործընթացը բոլոր դատական գործերում:
-Այս տարի թերևս ամենաշատը հնչած բառերից մեկը կոռուպցիան է և դրա դեմ պայքարը: Արդյո՞ք կոռուպցիայի դեմ իսկապես պայքար կար և ինչպե՞ս էր արտահայտվում:
-Համաձայն եմ Ձեզ հետ: Իսկապես աղմկահարույց գործեր կան հարուցված, որոնց վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է: Կարծում եմ, որ տեսանելի ապագայում հնարավոր կլինի քննարկել արդյունքների մասին: Միաժամանակ գտնում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարում անհրաժեշտ է ստեղծել ու կիրառել բացառապես իրավական կառուցակարգեր, որոնք հնարավորություն կստեղծեն անշրջելի դարձնելու հակակառուպցիոն պայքարը:
-Պարոն Նորիկյան, այժմ ակտիվ քննարկվում է անցումային արդարադատություն իրականացնելու հարցը: Հետաքրքրական է հատկապես պետական և քաղաքական գործիչների զտման կամ վեթթինգի և լյուստարացիայի մեխանիզմները: Ի՞նչ կարծիք ունեք դրա մասին:
-Գիտե՛ք, գաղափարն ինքնին ուշագրավ է և ենթակա առավել մանրակրկիտ քննարկման: Շատ կարևոր է ստեղծել անցումային արդարադատության ռազմավարական հայեցակարգը, որպեսի հնարավոր լինի ամբողջությամբ ըմբռնել, թե այն գործիքակազմ է իր մեջ պարունակելու: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հնարավոր չէ անտեսել մեր երկրի առանձնահատկությունները: Այս առումով մենք չենք կարող այլ երկրներում իրականացված անցումային արդարադատության մոդելը բերել ու տեղայնացնել մեր երկրում: Ինձ համար շատ կարևոր է ստանալ հետևյալ հարցերի պատասխանները. Արդյո՞ք գոյություն ունեցող իրավական գործիքակազմերն ու ընթացակարգերը անհրաժեշտ ու բավարար չեն երկրում օրինականության վերականգնման ու հաստատման համար, եթե ոչ, ապա ի՞նչ չափորոշիչներով է որոշվել, որ այդ գործիքակազմերը բավարար չեն, ի՞նչ կառույցներ են օժտված լինելու անցումային արդարադատություն իրականացնելու իրավասությամբ, ինչպե՞ս և ու՞մ կողմից են դրանք ձևավորվելու, ովքե՞ր են ընդգրկվելու այդ կառույցներում և ի՞նչ չափորոշիչներով, արդյո՞ք բողոքարկելի են լինելու անցումային արդարադատություն իրականացնող մարմինների կողմից ընդունված որոշումները, թե՞ ոչ, եթե ոչ՝ ինչու՞, իսկ եթե այո, ապա ու՞մ պետք է բողոքարկվի և ի՞նչ իրավական ընթացակարգերով:
-Արդյո՞ք ոստիկանությունն այս տարի կատարեց իր իսկ առջև դրված առաջադրանքը, Դուք գո՞հ եք այդ կառույցի աշխատանքից:
-Հայաստանին որակապես նոր ոստիկանություն է անհրաժեշտ։ Ոստիկանի կերպարը պետք է արմատապես փոխել հանրային ընկալման մեջ։ Ոստիկանը պետք է դառնա յուրաքանչյուր քաղաքացու պատվարը՝ անզիջում պայքար մղելով հանցավորության դեմ։
-Ի՞նչ կխնդրեք Ձմեռ պապիկից՝ Հայաստանում արդարադատության ոլորտի և անձնապես Ձեզ համար:
-Ձմեռ պապիկից կխնդրեի վերադարձնել ինձ իմ մանկությունը, իսկ արդարադատության ոլորտին նվիրել անչափելի մարդասիրության զգացողություն:
-Ամանորի տոնական օրերն այս տարի չկրճատվեցին: Արդյո՞ք ճիշտ վարվեց նոր կառավարությունը տոնական 3 օր սահմանելու նախագիծը մերժելով:
-Իմ կարծիքով վաղ թե ուշ կրկին անդրադարձ կլինի այդ հարցին, և տոնական օրեն իսկապես կկրճատվեն: Ինքս գտնում եմ, որ շուրջ տաս օր չաշխատելը որոշակի բացասական հետևանքներ է ունենում անգամ հոգեբանական տեսանկյունից:
-Պարոն Նորիկյան, այս օրերին փորձում եք օգնել Ձեր կնոջը/ընտանիքի անդամներին՝ տնային գործերում, թե՞ դրանք միայն կնոջ գործն են:
-Գնումների hետ կապված ծանրությունը մշտապես վերցրել եմ ինձ վրա, սակայն խոհանոցում օգնելու հմտություններով, ցավոք սրտի, օժտված չեմ:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2019-ից:
-Մե՛ծ ակնկալիքներ: Նախևառաջ, ցանկանում եմ, որ լինի խաղաղության տարի: Կարողանանք մեր հայրենիքի զագացման համար լուրջ նախադրյալներ ստեղծել: Ասեմ ավելին. 2018 թվականին ստեղծել ենք բոլոր պայմանները՝ առաջիկա տարիներին լուրջ հաջողություններ գրանցելու համար: Եթե չստացվեց, ուրեմն սխալը մենք կլինենք, որ չկարողացանք օգտագործել ստեղծված նպաստավոր պայմանները: