Փաստաբան Գևորգ Գյոզալյանը Իրավաբան.net-ին պատմել է իր տարվա ձեռքբերումների, տարվա ընթացքում հանդիպած զավեշտալի դեպքերի և Ձմեռ պապիկից խնդրած նվերի մասին:
-2018 թվականը ի՞նչ փոխեց Ձեր կյանքում և հայաստանյան իրականությունում: Արդյո՞ք հաջողված տարի էր այն:
-Կարծում եմ այո, 2018թ-ը անշուշտ հաջողված տարի էր հայաստանյան իրականությունում։ Խոսքը մասնավորապես քաղաքական փոփոխությունների մասին է, որը վաղուց ի վեր պահանջված էր մեր հասարակությունում։ Ինքս հասարակության մի մասնիկն եմ, հետևաբար, այդ դրական փոփոխությունները ազդեցին նաև ինձ վրա։
-Այդ տարվա հատկապես ո՞ր դատական գործերը կամ դատական ակտերը կառանձնացնենք և ինչու՞:
-Այս տարվա դատական գործերից կառանձնացնեմ մեկը, որի մասին նաև հրապարակային եմ արտահայտվել, խոսքը անչափահաս աղջիկ երեխային վերաբերվող գործի մասին է, որը թեև ընդհանուր իրավասության դատարանում մանրակրկիտ քննության ենթարկվեց և լուծվեց երեխայի օգտին, սակայն վերաքննիչ քաղաքացիական դատարանն այդ գործին նայեց, այսպես ասած, «մատների արանքով», որի արդյունքում կայացրեց չհիմնավորված դատական ակտ և դրանով իսկ այդ երեխայի կյանքը դժվարացրեց։
Ուրախ եմ, որ այդ գործը ներկայումս Վճռաբեկ դատարանում է, որը բողոքն ընդունել է վարույթ, իսկ թե երբ որոշում կկայացնի՝ անհայտ է։ Միաժամանակ կցանկանամ առանձնացնել մի վարչական գործ, որն իրավունքի խեղաթյուրման բացահայտ օրինակ է։ Մասնավորապես, եթե կարճ ասեմ, ապա ՀՀ վճռաբեկ դատարանը մի քանի որոշումներով ընդգծել է, որ եթե վարչական դատավարությունում անձը սխալ հայցատեսակով է հայց ներկայացնում, ապա այն ոչ թե գործի վարույթը կարճելու հիմք է, այլ հայցը մերժելու։ Եվ ահա պատկերացրեք մի գործով հայց ենք ներկայացրել ընդդեմ ՀՀ ԴԱՀԿ ծառայության՝ գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով, վարչական դատարանը այն ամբողջությամբ բավարարել է, այնուհետև ծառայության կողմից այն բողոքարկվել է վարչական վերաքննիչ դատարան, որը բեկանել է դատական ակտը և գործի վարույթը կարճել՝ սխալ հայցատեսակ ներկայացնելու հիմքով։
Այս որոշումը բողոքարկվել է վճռաբեկ դատարան և թեև վճռաբեկ դատարանն այստեղ հայեցողություն չուներ բողոքը վարույթ ընդունելու հարցում, սակայն վճռաբեկ դատարանը ի հակասություն իր իսկ որոշումների բողոքը վարույթ չի ընդունել։ Սրա մասին բարձրաձայնել ենք բոլոր հնարավոր մարմիններին, սկսած ՀՀ նախագահից վերջացրած ԱՆ նորանշանակ նախարարով։ Միաժամանակ, տվյալ գործը ներկայումս գտնվում է ՄԻԵԴ-ում։ Բոլոր մարմիններից միայն ՀՀ նախագահն էր, ով հանրագիրը ուղարկեց ՀՀ դատական դեպարտամենտ, մնացած մարմինները, քաջ գիտակցելով իրավունքի ակնհայտ չարաշահման մասին, ընդունեցին նախկին գործելաոճին համապատասխան՝ հարմարվողական վարքագիծ։
-Այս տարի թերևս ամենաշատը հնչած բառերից մեկը կոռուպցիան է և դրա դեմ պայքարը: Արդյո՞ք կոռուպցիայի դեմ իսկապես պայքար կար և ինչպե՞ս էր արտահայտվում:
-Թերևս ձեռնպահ կմնամ այս հարցին սպառիչ պատասխան տալուց։ Գործադիր իշխանության կողմից գործողությունների պակաս անշուշտ չկար։ Բազմաթիվ ձերբակալություններ, հրապարակումներ եղան, բայց թե արդյո՞ք դրանք կոռուպցիայի բացահայտում էր, ցույց կտա ժամանակը, երբ լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր։ Ամեն դեպքում ես այս պահին չեմ կասկածում կառավարության ազնվությանը և, ի տարբերություն նախորդ կառավարությունների, կարծում եմ այս կառավարությունն իր ցանկություններում ազնիվ է։ Մնում է գործողությունները կազմակերպել այնպես, որ դրանք լինեն արդյունավետ։
-Քննարկվում է անցումային արդարադատություն իրականացնելու հարցը: Հետաքրքրական է հատկապես պետական և քաղաքական գործիչների զտման կամ վեթթինգի և լյուստարացիայի մեխանիզմները: Ի՞նչ կարծիք ունեք դրա մասին:
-Այս հարցում ես զգուշավոր եմ։ Քանի դեռ ամբողջությամբ չի բացահայտվել, թե ինչ կանոններով է գործելու անցումային արդարադատությունը, լիարժեք կարծիք չեմ կարող հայտնել։ Այդուհանդերձ ակնհայտ է, որ թե՛ դատական համակարգում, և թե՛ գործադիր մարմնում լի են անձինք, ովքեր իրենց տեսակով ունակ չեն արդար աշխատելու, այս անձինք կսպասարկեն ցանկացածի շահը, եթե իրենք այդտեղից նյութական կամ այլ սուբյեկտիվ շահ ունեն։ Այս մարդկանցից շուտափույթ պետք է ազատվել։
Լյուստրացիան լավագույն գործիքը չէ կոնկրետ այս պատմական փուլի համար, միգուցե այն ընդունելի կլիներ խորհրդային կարգերի փլուզումից անմիջապես հետո, սակայն ներկա պահին կարծում եմ այն ուշացած է։ Իհարկե, սա չի նշանակում, որ չի կարելի օգտագործել այլ գործիքներ խեղաթյուրված հոգեբանությամբ և գործելաոճով անձանցից ազատվելու համար, սակայն այն պետք է անել զուսպ, հավասարակշռված՝ պահպանելով իրավունքի ոգին։
Կարծում եմ, գործադիր իշխանությունն ունի բոլոր անհրաժեշտ օրենսդրական գործիքակազմը այդ խնդիրը լուծելու համար, ուստի անհրաժեշտ է կենտրոնանալ սուբյեկտների վրա, ովքեր կարող են ի կատար ածել հասարակության ակնկալիքներն այս հարցում։ Ցավոք, գործադիրում ես դեռ չեմ տեսնում այդ սուբյեկտներին, մեկ-երկու բացառությամբ։
-Ի՞նչ կխնդրեք Ձմեռ պապիկից՝ Հայաստանում արդարադատության ոլորտի և անձնապես Ձեզ համար:
-Արդարադատության ոլորտի համար՝ համարձակ, մեկ երես ունեցող, ազնիվ, հանրային շահը սեփական շահից գերադասող, անձնական զրկանքների գնով արդարադատության ոլորտի խնդիրները լուծող պաշտոնատար անձ, եթե կուզեք նախարար։ Իսկ ինձ համար, ես ունեմ այն ամենն ինչ անհրաժեշտ է երջանիկ լինելու համար։ Աստված պապիկը հոգացել է դրա մասին (ժպիտ)։
-Ամանորի տոնական օրերն այս տարի չկրճատվեցին: Արդյո՞ք ճիշտ վարվեց նոր կառավարությունը տոնական 3 օր սահմանելու նախագիծը մերժելով:
-Եթե նայենք աշխատողների տեսանկյունից, ապա միգուցե այն արդարացված է, քանի որ դրանք օրեր են ընտանիք հետ անցկացնելու, հյուրեր ընդունելու և հանգստանալու համար։ Աշխատանքի մասով, այդուհանդերձ ես հակված եմ քիչ հանգստանալու և շատ աշխատելու տարբերակին, առավել ևս, երբ դրա կարիքը մենք ավելի քան ունենք։
Օրինակ, ԱՄՆ նման երկիրը իրեն թույլ չի տալիս այսպիսի շռայլություն։ Ընդհանրապես, այս երկար արձակուրդները, ըստ իս, նախորդ իշխանությունների համար են ստեղծվել, երբ նրանցից շատերը ստանում էին մեկ միլիոնից ավելի աշխատավարձ և նրանց համար հարմար առիթ էր վերցնել իրենց ընտանիքներին և չվել տաք երկրներ։ Բնակչության մեծ մասի համար այն թանկ է նստում, և, իմ կարծիքով, ցանկալի կլիներ վերադառնալ 3-օրյա ռեժիմին։
-Այս օրերին փորձում եք օգնել Ձեր կնոջը՝ տնային գործերում, թե՞ դրանք միայն կնոջ գործն են:
-Այնքանով, որքանով հասցնում եմ։ Խոհարարական գործերում ես լավ խորհրդատու չեմ, իսկ առևտրում՝ շռայլող եմ (ըստ կնոջ գնահատականի), ուստի փորձում եմ մանևրել։
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2019-ից:
-Հուսով եմ 2019 թ-ին մենք կունենանք ռեալ փոփոխություններ։ Հանգիստ, զուսպ, հավասարակշռված ձևով գործադիր իշխանությունը կանցնի գործի, չի տրվի զգացմունքներին, չի նայի, թե ինչ են խոսում ֆեյքերն ու ինչ-որ բան կորցրած և սուբյեկտիվ շահով առաջնորդվող նախկին իշխանավորներն ու նրանց արբանյակները։ Ակնկալում եմ իրապես սիրո և համերաշխության հաստատում նախ և առաջ գործով, քանի որ խոսքերն արդեն արժեզրկվել են. բավ է խոսել, ժամանակն է գործելու։