Բոլորի համար ակնհայտ է կառավարության քաղաքական կամքը՝ կոռուպցիայի դեմ պայքարելու և կարճ ժամանակում տեսնելի արդյունքների հասնելու հարցում. Սուրեն Քրմոյան

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում այսօր՝ դեկտեմբերի 19-ին, անցկացվեց Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառում: Միջոցառման առաջին մասում քննարկվեց  2019-2022 թվականների ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը.

«Մենք այսօր, առաջին անգամ քաղհասարակության հետ կքննարկենք հակակոռուպցիոն ռազմավարության նախնական տարբերակը: Այսօրվա միջոցառումն աննախադեպ է նրանով, որ այս ռազմավարությունը առաջին անգամ կարծիքի է ներկաացվում ոչ թե ամփոփելով պետական մարմինների բոլոր կարծիքները, այլ առաջինը քննարկվում է քաղհասարակության հետ: Զուգահեռաբար այսօր շրջանառության մեջ է դրվել հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը և առաքվել է բոլոր պետական մարմիններին: Սա նշանակում է, որ բարձր է գնահատվում  քաղհասարակության դերը և մասնակցային քաղաքականության մշակումը հակակոռուպցիոն ոլորտում»,-նշեց Սուրեն Քրմոյանը:

Փոխնախարարը նշեց, որր ներկայիս իրավիճակը աննախադեպ է նրանով, որ այժմ կա աննախադեպ մեծ վստահություն կառավարության կողմից իրականացվող հակաոռուպցիոն ծրագրերի նկատմամբ:

«Կարծում եմ, որ բոլորի համար ակնհայտ է կառավարության քաղաքական կամքը՝ կոռուպցիայի դեմ պայքարելու և կարճ ժամանակում տեսնելի արդյունքների հասնելու հարցում: Այս քաղաքական կամքի կոմպոնենտը, որը քննարկվում և քննադատվում էր, կարծում եմ, այսօր որևէ կասկած չի հարուցում: Կասկած չի հարուցում նաև կառավարության վստահությունը կառավարության կողմից իրականացվող ծրագրերի նկատմամբ»,- նշեց նա:

Սուրեն Քրմոյանը նշեց, որ նախկինում միջազգային գործընկերների կողմից արձանագրվում էր, որ ՀՀ-ն ունի խնդիր. հասարակությունը հանդուրժողական է կոռուպցիոն երևույթների նկատմամբ, չի մասնակցում և չի հավատում դրա դեմ պայքարին:

«Ամենամեծ խոչընդոտը կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների այն է, որ կառավարությունը հայտարարում է ծրագրեր, բայց որևէ մեկը չի հավատում և չի մասնակցում այդ ծրագրերին: Ներկայումս մենք ունենք շատ լավ հիմք, որպեսզի այս ռազմավարությունը, որը քննարկում ենք իրոք լինի մասնակցային, իրոք լինի արդյունավետ և արդյունքների վրա հիմնաված: Մենք այս ռազմավարությունը կանվանեինք ինովացիոն կամ թվային: Եթե ուսումնասիրեք, ապա կտեսնեք, որ մենք բազմաթիվ էլեմենտներ ենք ներառել ռազմավարության մեջ, որոնք ինովացիոն են և հիմնված է թվային տեխնոլոգիաների վրա»,-նշեց փոխնախարարը և հավելեց, որ մեծ ուշադրություն է դարձվել հանրային իրազեկման և կրթության վրա. «Օգտվելով հասարակության վսահությունից, մենք պետք է կրթենք հասարակությանը, ցույց տանք կոռուպցիայի դեմ պայքարի եղանակները, բողոքարկման մեթոդները»:

Փոխնախարարը ակնկալում է, որ քաղհասարակության,  բիզնեսի ներկայացուցիչները կներկայացնեն գործնական առաջարկներ՝ կոռուպցիոն ռիսկերի և հաղթահարման մեթոդաբանության վերաբերյալ. «Ի հարկե մենք օգտագործել ենք պրոֆեսիոնալ թիմ և գործիքներ, բայց վստահ եմ, որ յուրաքանչյուրդ գիտելիքների և փորձի հիման վրա կառավաջրկեք ևս միջոցառումներ, որոնք կարող են ներառվել այս ռազմավարությունում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել