Նոյեմբերի 22-ի կառավարությունը որոշում է ընդունել պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին:
Որոշումն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 6-ին:
Որոշման համաձայն սահմանվում են պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու հետ կապված հարաբերությունները: Փոխհատուցման չափի որոշման հիմքում դրվել են պայմանագրային զինծառայողի ընտանիքի անդամների քանակի և ծառայության ու վարձակալված բնակելի տարածության վայրերի միջև հեռավորության սկզբունքները, նախատեսվել են փոխհատուցման իրավունքի և վճարման դադարեցման պայմանները:
Սահմանվել է, որ պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարվում է վարձակալության պայմանագրում նախատեսված չափով, սակայն ոչ ավելի, քան՝
- Երևան քաղաքում՝ մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 65 000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 85 000 դրամ.
- այլ քաղաքներում՝ մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 38 000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 50 000 դրամ.
- այլ բնակավայրերում՝ մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 20 000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 25 000 դրամ:
Կարգին ամբողջությման ծանոթացեք ստորև.
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՈՎ ՉԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԼ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՁԱԿԱԼԵԼՈՒ ԴԻՄԱՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳ
1. Սույն կարգով կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) պահանջների համաձայն ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող պայմանագրային զինծառայողների և օրենքով նրանց հավասարեցված անձանց կողմից վարձակալված բնակելի տարածությունների դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է`
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, քրեակատարողական ծառայությունում (այսուհետ` նաև համապատասխան մարմին) զինվորական (քրեակատարողական) ծառայության մեջ գտնվող անձանց վրա.
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձանց վրա:
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված անձանց (այսուհետ` նաև շահառուի) ընտանիքի անդամ են համարվում`
- ամուսինը (կինը) և 18 տարին չլրացած երեխաները.
- համատեղ բնակվող` անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաև համատեղ բնակվող` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի` հաշմանդամություն ունեցող զավակները, եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը:
4. Սույն կարգի համաձայն վարձակալված բնակելի տարածությունների դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունք ունեն այն շահառուները, ովքեր ծառայության անցկացման վայրում չեն ապահովվել ծառայողական բնակելի տարածությամբ, և ծառայության անցկացման վայրի վարչատարածքային միավորի (համայնքի) ու շահառուի մշտական բնակության հաշվառման կամ սեփականության իրավունքով բնակելի տարածության գտնվելու վայրի վարչատարածքային միավորի (համայնքի) միջև հեռավորությունը կազմում է 30 և ավելի կիլոմետր: Շահառուի ծառայության անցկացման և մշտական բնակության հաշվառման կամ սեփականության իրավունքով բնակելի տարածության վայրը (վայրերը) բազմաբնակավայր համայնքում (համայնքներում) գտնվելու դեպքում` սույն կետում նշված հեռավորությունը հաշվարկվում է` հիմք ընդունելով շահառուի ծառայության անցկացման և մշտական բնակության հաշվառման կամ սեփականության իրավունքով բնակելի տարածության բնակավայրի միջև եղած հեռավորությունը: Սույն կետի համաձայն Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների (համայնքների), իսկ բազմաբնակավայր համայնքի դեպքում` բնակավայրերի միջև հեռավորությունների մասին տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը` համապատասխան մարմնի հարցման հիման վրա:
5. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունքից չի օգտվում այն շահառուն`
- ով ծառայության անցկացման վայրի վարչատարածքային միավորից (համայնքից), իսկ բազմաբնակավայր համայնքի դեպքում` տվյալ բնակավայրից մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ ունի մշտական բնակության հաշվառում կամ սեփականության իրավունքով բնակելի տարածություն.
- ով սույն կետի 1-ին ենթակետի շրջանակներում ծառայության ընթացքում փոխել է մշտական բնակության հաշվառման վայրը կամ օտարել է սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածությունը.
- ում ընտանիքի անդամը շահառուի ծառայության անցկացման վայրի վարչատարածքային միավորից (համայնքից), իսկ բազմաբնակավայր համայնքի դեպքում` տվյալ բնակավայրից մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ միանձնյա սեփականության իրավունքով ունի բնակելի տարածություն.
- ով բնակելի տարածության վարձակալության մասին պայմանագիրը կնքել է ամուսնու (կնոջ) կամ իր կամ ամուսնու (կնոջ) ծնողի, զավակի, քրոջ կամ եղբոր հետ:
6. Սույն կարգի համաձայն շահառուին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու գործընթացն ապահովելու նպատակով համապատասխան մարմնում ստեղծվում է բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով), որի անդամների թիվը, անհատական կազմը և աշխատակարգը հաստատում է համապատասխան մարմնի ղեկավարը: Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան յուրաքանչյուր 2 ամիսը մեկ անգամ:
7. Հանձնաժողովը բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ եզրակացությունը տալիս է սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերի հիման վրա: Հանձնաժողովի դրական եզրակացությունը տալու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու մասին դիմում ներկայացրած զինծառայողին առաջարկվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել նոտարական կարգով հաստատված` բնակելի տարածության վարձակալության մասին պայմանագրի պատճենը: Հանձնաժողովի դրական եզրակացության և նոտարական կարգով հաստատված բնակելի տարածության վարձակալության մասին պայմանագրի հիման վրա 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է շահառուին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տալու մասին համապատասխան մարմնի ղեկավարի հրամանի նախագիծ և ներկայացվում համապատասխան մարմնի ղեկավարին` հաստատման:
8. Հանձնաժողովի կողմից բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ եզրակացություն տալու ժամանակ փոխհատուցման չափի որոշման հիմքում դրվում են հետևյալ սկզբունքները`
- այլ բնակավայրի տարածքում տեղակայված զորամասի զինծառայողի կողմից Երևան քաղաքում կամ այլ քաղաքում, կամ այլ բնակավայրում բնակելի տարածություններ վարձակալելիս` սույն որոշմամբ այլ բնակավայրերի համար սահմանված չափով.
- այլ քաղաքի տարածքում տեղակայված զորամասի զինծառայողի կողմից Երևան քաղաքում կամ այլ քաղաքում, կամ այլ բնակավայրում բնակելի տարածություններ վարձակալելիս` սույն որոշմամբ այլ քաղաքների համար սահմանված փոխհատուցման չափով.
- Երևան քաղաքում տեղակայված զորամասի զինծառայողի կողմից Երևան քաղաքում կամ այլ քաղաքում, կամ այլ բնակավայրում բնակելի տարածություններ վարձակալելիս` վարձակալված բնակելի տարածության գտնվելու վայրի համար սույն որոշմամբ սահմանված փոխհատուցման չափով:
9. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու նպատակով զինծառայողն իր ծառայության վայրի զորամասի հրամանատարի (այլ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի), իսկ կադրերի տրամադրության տակ գտնվելու դեպքում` կադրային մարմնի ղեկավարի ուղեկցող գրությամբ հանձնաժողով է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
- դիմում` հասցեագրված հանձնաժողովի նախագահին.
- տվյալ զորամասում (ստորաբաժանումում) ծառայության նշանակվելու (կադրերի տրամադրության տակ թողնվելու) մասին հրամանի պատճենը և ծառայության մեջ գտնվելու մասին տեղեկանք` զորամասից (կադրային մարմնից).
- շահառուի ընտանիքի կազմի մասին տեղեկանք` տրված զորամասի (ստորաբաժանման) (կադրային մարմնի) կողմից` նշելով վարձակալված բնակելի տարածությունում շահառուի հետ բնակվող անձանց անունները, ազգանունները և հայրանունները, ծննդյան տարեթվերը, ազգակցական կապը: Եթե զինծառայողն ամուսնացած չէ, ապա տեղեկանքով հաստատվում է միայն վարձակալությամբ բնակվելու հանգամանքը` նշելով վարձակալված բնակելի տարածության հասցեն.
- վարձակալված բնակելի տարածությունում շահառուի հետ բնակվող` մինչև 23 տարեկան ուսանող զավակների համար` տեղեկանք ուսումնական հաստատությունից.
- վարձակալված բնակելի տարածությունում շահառուի հետ բնակվող անձանց հաշմանդամությունը կամ անգործունակությունը (եթե այդպիսիք առկա են) հաստատող փաստաթղթի պատճենը.
- շահառուի և վարձակալված բնակելի տարածությունում նրա հետ բնակվող չափահաս անձանց անձնագրերի պատճենները` հաշվառման էջով, ամուսնության վկայականի և անչափահաս անձանց ծննդյան վկայականների պատճենները` հաստատված զորամասի հրամանատարի (կադրային մարմնի ղեկավարի) կողմից, իսկ անձնագրի փոխարեն նույնականացման քարտ ներկայացվելու դեպքում` բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից տրված տեղեկանք անձի հաշվառման մասին.
- Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից տրված տեղեկանք Հայաստանի Հանրապետության տարածքում շահառուի և նրա հետ բնակվող չափահաս անձանց սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու մասին.
8) կնքված անշարժ գույքի վարձակալության մասին պայմանագրի պատճենը (առանց նոտարական հաստատման):
10. Սույն կարգի 9-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքը հիմք է ընդունվում ոչ ավելի, քան երկու ամիս վաղեմության ժամկետ ունենալու դեպքում:
11. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու մասին դիմումը վերադարձվում է, եթե շահառուի բնակարանային պայմանները չեն բավարարում սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերի պահանջները` շահառուին գրավոր տեղեկացնելով դիմումի վերադարձման պատճառները: Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերը թերի ներկայացվելու դեպքում շահառուին գրավոր առաջարկվում է 15-օրյա ժամկետում լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ նշված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացվելու դեպքում դիմումը վերադարձվում է: Սույն կետում նշված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում շահառուին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու գործընթացն իրականացվում է սույն կարգի 7-րդ և 12-րդ կետերի համաձայն: Սույն կետում նշված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացվելու հիման վրա դիմումը վերադարձվելուց հետո զինծառայողը կարող է սույն կարգի պահանջների համաձայն կրկին դիմել բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու համար:
12. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը վճարվում է սույն կարգով սահմանված պահանջները բավարարող շահառուի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողովում մուտքագրվելու ամսվա 1-ից սկսած` շահառուի հաշվեհամարին յուրաքանչյուր ամսվա համար անկանխիկ փոխանցում կատարելու միջոցով: 13. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման չափը կարող է փոփոխվել` շահառուի դիմումի հիման վրա կամ հանձնաժողովի նախաձեռնությամբ` շահառուի ընտանիքի անդամների թիվն ավելանալու կամ նվազելու դեպքում` հաշվի առնելով սույն կարգի 3-րդ կետի պահանջները: Սույն կետում նախատեսված դեպքում հանձնաժողովը տալիս է նոր եզրակացություն:
14. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստացող և օրենքով սահմանված կարգով կադրերի տրամադրության տակ թողնված (կադրերի ռեզերվում գրանցված) շահառուին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը շարունակում է վճարվել կադրերի տրամադրության տակ թողնելու (կադրերի ռեզերվում գրանցելու)` օրենքով սահմանված ամբողջ ժամկետի ընթացքում` բացառությամբ սույն կարգի 16-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններում նշված դեպքերի:
15. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը շարունակելու համար շահառուն պետք է մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը իր ծառայության վայրի զորամաս (կադրային մարմին) ներկայացնի Պետական եկամուտների կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից տրված տեղեկանք կնքված վարձակալության մասին պայմանագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով եկամտահարկի վճարում կատարված լինելու մասին: Նշված ժամկետում տեղեկանք չներկայացվելու դեպքում բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը դադարեցվում է, և տվյալ տարվա համապատասխան ամիսների համար վճարված փոխհատուցման գումարը ենթակա է վերադարձման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
16. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունքը դադարեցվում է`
- շահառուի դիմումի համաձայն.
- հանձնաժողովի նախաձեռնությամբ`
- ա. սույն կարգի 5-րդ կամ 15-րդ կետերով սահմանված դեպքերում,
- բ. օտարերկրյա պետություն ուսման կամ ծառայության գործուղվելու հիման վրա շահառուին` օրենքով սահմանված կարգով կադրերի տրամադրության տակ թողնելու դեպքում, եթե շահառուն չունի ընտանիք, կամ շահառուի հետ օտարերկրյա պետություն է մեկնում նաև նրա ընտանիքը,
- գ. օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 9-րդ կետերով սահմանված հիմքով զինվորական պաշտոնից ազատվելու դեպքում, եթե շահառուն չունի ընտանիք,
- դ. շահառուի` ծառայությունից արձակվելու դեպքում:
17. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստացած և համապատասխան ծառայությունից արձակվելու հետևանքով փոխհատուցումը դադարեցված, սակայն հետագայում համապատասխան ծառայությունից արձակվելու մասին հրամանը ոչ իրավաչափ ճանաչվելու հիմքով շահառուին ծառայությունում վերականգնելու դեպքում շահառուին վճարվում է նաև ծառայությունից արձակվելու օրվանից մինչև ծառայությունում վերականգնելու օրն ընկած ժամանակահատվածի համար բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման ամբողջ գումարը, եթե շահառուն համապատասխան ծառայությունից արձակվելուց հետո` օրենքով սահմանված կարգով չի լուծել բնակելի տարածության վարձակալության մասին պայմանագիրը: Սույն կետում նշված գումարը և ծառայությունում վերականգնելու օրվանից բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը վճարելու նպատակով շահառուն ներկայացնում է բնակելի տարածության վարձակալության մասին գործող պայմանագիրը, ինչպես նաև սույն կարգի 15-րդ կետում նախատեսված` Պետական եկամուտների կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից տրված տեղեկանքը կնքված վարձակալության մասին պայմանագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով եկամտահարկի վճարում կատարված լինելու մասին: