Արձանագրվում են ընտրակաշառքի բաժանման թաքնված ձևեր. դատախազությունը հրապարակումներն ուղարկել է ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված՝ ընտրախախտումների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի շրջանակում շարունակվում են ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, ահազանգերի դիտարկումները՝ անհրաժեշտության դեպքում դրանց տալով համապատասխան ընթացք:

Այս մասին գրում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Այսօր «Ժամանակ» թերթում, ինչպես նաև 1in.am տեղեկատվական կայքում «Կացինը սրեք» վերտառությամբ հրապարակման միջոցով ահազանգ է հնչեցվել առ այն, որ արձանագրվում են ընտրակաշառքի բաժանման թաքնված ձևեր՝ որպես դրա ամենատարածված դրսևորում նշելով պատգամավորության թեկնածուների կողմից նախընտրական շտաբներում տասնյակ ակտիվիստների աշխատանքի ընդունելը, ինչի դիմաց նրանց վճարվում է 50-100 հազար դրամ՝ խոստանալով ԱԺ արտահերթ ընտրություններում տվյալ թեկնածուի հաղթանակի դեպքում տալ նաև պարգևավճար:
ՀՀ գլխավոր դատախազությունից նշված հրապարակումները ևս ուղարկվել են ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ դրանցում ներկայացված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ համապատասխան գործողություններ կատարելու հանձնարարությամբ»,-նշում է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել