Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանը դեռևս հետախուզման մեջ է. ոստիկանապետը պարզաբանում է

Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ Վահագն Հարությունյանը դեռևս հետախուզման մեջ է:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, կառավարության նիստից հետո ի պատասխան լրագրողների հարցին, թե ինչու՞ է նա հետախուզման մեջ, եթե բացահայտ հարցազրույցներ է տալիս լրագրողներին և հայտնում է իր տեղը, ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանի փաստաբանը՝ Միհրան Պողոսյանը, Իրավաբան․net-ի հետ զրույցում նշել էր, որ Հատուկ քննչական ծառայությունը որոշ խախտումներ է թույլ տվել, չի կատարել իր  դատավարական պարտականությունները։

«Հոկտեմբերի 30-ին, ժամը 16։00-ին նույնն օրն ուղարկված ծանուցագրով  Վահագն Հարությունյանին որպես վկա հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն։ Ծանուցագիրը բերում են տուն ու հայտնում, որ մի քանի ժամից ներկայացեք հարցաքննության։ Վահագն Հարությունյանը տանը չի գտնվում, նրա որդին է ստանում ծանուցագիրն ու անմիջապես հեռախոսով տեղեկացնում այդ մասին։ Վահագն Հարությունյանը խոսում է տեղամասային տեսուչի հետ, հարցնում, թե ուր պետք է ներկայանա, նշում, որ այդ պահին առողջական խնդիրներով պայմանավորված չի գտնվում Հայաստանում։ Դրանից հետո՝ նույն օրը, նրա փաստաբանը դիմում է ներկայացնում, որ Վահագն Հարությունյանն առողջական խնդիրներ ունի, գտնվում է ՌԴ Մոսկվա քաղաքում, պատրաստ է իր գտնվելու կոնկրետ հասցեն հայտնել, ներկայացնել այդ մասին իր բժշկական փաստաթղթերը: Հաջորդ օրը՝ ամսի 31-ին, առավոտյան զանգահարում է վարույթն իրականացնող մարմնի քննիչներին և հայտնում իր գտնվելու վայրը, նշում հեռախոսահամարը, սակայն վարույթն իրականացնող մարմինը որևէ պահանջ կամ ներկայանալու անհրաժեշտության մասին ոչինչ չեն հայտնել։ Մենք վերջում ենք տեղեկանում, որ ամսի 30-ին, երբ իրեն որպես վկա էին կանչել, նույն օրն էլ որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացված եղել, հետախուզում հայտարարելու մասին որոշում է եղել, կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է դատարան ներկայացված եղել։ Ի՞նչ էին անում, Վահագն Հարությունյանին որպես վկա, խաբում, կանչում էին, որպեսզի որպես մեղադրյալ ներգրավե՞ն»,- ասաց փաստաբանը։

Պաշտպանի խոսքով, Վահագն Հարությունյանը, առողջական խնդիրները լուծելուց հետո պարտավորվել է, որ կներկայանա վարույթն իրականացնող մարմնին։ «Ես, այդ որոշումը կայացնելու համար, որպես իր պաշտպան, իրեն հորդորելու եմ գնահատականի արժանացնել ՀՀ դատական համակարգում այս պահին գործող արդարադատություն փնտրելու նպատակահարմարությունը, որովհետև այս ամեն ինչը դիտավորյալ է կատարվում, որպեսզի անձիք չպայքարեն իրենց արդարության համար։ Նա ևս նշել էր, որ իր նկատմամբ մեղադրանքի առաջադրումը կոնկրետ իր անձի հետ կապված հետապնդում էր»,- ասաց Միհրան Պողոսյանը։

Նշենք, որ դատավարական առումով Վահագն Հարությունյանը դեռևս հետախուզման մեջ է։  Դատարանի որոշման վերաբերյալ գլխավոր դատախազին բողոք է ներկայացվել։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հոկտեմբերի 31-ին հայտարարություն էր տարածել, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ է ներգրավվել Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ Վահագն Հարությունյանը:

Վահագն Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանի հուլիսի 17-ի որոշմամբ,  ազատվել էր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել