Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 22-ին, որոշում կընդունի արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու մասին:
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու` Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության կատարման հրամայականով:
Վճռի կատարման պարտադիր հիմնական պայմաններից մեկն է դիմումատուի խախտված իրավունքների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի հատուցման գումարի վճարումը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 28739/09 գանգատ) 2018 թվականի հոկտեմբերի 18-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 3 000 (երեք հազար) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2018 թվականի հոկտեմբերի 18-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի հունվարի 18-ն է: