Էրեբունիում զանգվածային անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել եւս մեկ անձի

Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս մեկ անձի:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա եւ քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։

Դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությնում 2018թ. ապրիլի 22-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, եւ նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնին:

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումների  արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնության վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանքներ էին առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործով 2018թ. հունիսի 13-ին որպես մեղադրյալ էր ներգրավվել նաեւ Ա.Հակոբյանը եւ վերջինիս նկատմամբ հայտարարվել էր հետախուզում՝ նկատի ունենալով, որ նրան հայտնաբերելու եւ քննությանը ներկայացնելու նպատակով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները դրական արդյունք չեն տվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննության ընթացքում` 2018թ. նոյեմբերի 17-ին, Ա.Հակոբյանը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, եւ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:  Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ:

Դատարանը Ա.Հակոբյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը ճանաչել է թույլատրելի:

Այսպիսով՝ այսօրվա դրությամբ՝ քրեական գործով 15 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ,  որոնցից 10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, 4-ի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ, իսկ 1 անձ գտնվում է հետախուզման մեջ։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել