Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ կառավարության նպատակն է պետական միջոցները ծախսել 100 տոկոս արդյունավետությամբ:
«Բայց մենք պետք է հասկանանք, որ պետական բյուջեն ձևավորվում է հարկերի հաշվին, մեր երկիրը ունի կարիքներ և այդ կարիքները պետք է հոգանք մեր համատեղ ջանքերի արդյունքում»,-նշեց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը անդրադարձավ նաև հանրության շրջանում լայն քննադատության արժանացած իր հայտարարությանը, որում նա նշում էր, որ 350 հազար հարկ վճարող աշխատող քաղաքացիներ պահում են 800 հազար չաշխատող քաղաքացու:
«Եղան մեկնաբանություններ, թե վարչապետը ասում է, որ մեր ժողովուրդը ծույլ է, չի ուզում աշխատել: Ոչ, ես ասել եմ, որ մեր ժողովրդին թույլ չեն տվել աշխատել: Նախորդ համակարգը խրախուսել է աղքատությունը, որովհետև նախորդ քաղաքական համակարգին ձեռնտու է եղել, որ մարդիկ չքավոր լինեն, տանեն 5000 կամ 10 հազար դրամ ցույց տան ու ասեն՝ եթե այս մարդը 5000, 10000 դրամ ունի, ուրեմն Աստված է»,-նշեց նա:
Փաշինյանի խոսքով, տառեր չիմացողների քաղաքական թիմը այսօր գործող նախարարին մեղադրում է տառասխալներով գրելու մեջ. «Տո, ձեր պատգամավորներին որ թելադրություն տայինք 4-րդ դասարանի, 70 տոկոսը կկտրվեր քննությունից»: