Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո մենք 17 նախարար չենք ունենալու: Այս մասին կառավարությունում այսօր իր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ոչ թե ավտոմատ կրճատվելու է նախարարությունների թիվը, այլ բովանդակային փոփոխություն է տեղի ունենալու: Նախարարների գործառույթային մասով փոփոխություններ են տեղի ունենալու, ընդլայնվելու է պատասխանատվության շրջանակը»,- նշեց Փաշինյանը:
Նա անդրադարձավ նաև սոցցանցերում նախարարների նկատմամբ իրականացվող «տեռորին»:
«Գրում են, որ կրթության և գիտության նախարարը տառասխալներով ստատուս է գրել: Ֆոտոշոփով սարքում են: Մեկը հասկանո՞ւմ է, թե ում մասին են գրում, նա գիտությունների թեկնածու է: Արսեն Թորոսյանի նկատմամբ ինչո՞ւ է արշավ սկսել: Որովհետև Արսեն Թորոսյանը համարձակվել է «ոտնձգություն» անել նախորդ կառավարության «սրբության սրբոցին»»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով,որ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցածը ուղղակի խայտառակություն է:
«Ասում են, որ փորձ չունեն նախարարները: Այո, կոռուպցիայի փորձ չունեն և նոր կառավարությունից ով համարձակվի այդ փորձը ձեռք բերել, կդառնա իմ անձնական թշնամին»,- նշեց նա: