Յուրացում կատարելու համար կասկածվող Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի անվան դպրոցի տնօրեն Գրետա Համբարձումյանի վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ Գրետա Համբարձումյանը կասկածվում է 2012-ից 2017թթ. ընթացքում որպես դպրոցի աշխատակիցներ իր ազգականներին և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը յուրացրելու մեջ։
Քրեական գործը կարճվել է իրադրության փոփոխության պատճառով:
«Դպրոցի տնօրենը և հաշվապահը վերադարձրել են պետությանը պատճառված 1 միլիոն 376 հազար 800 դրամը»,-նշում են քննչական կոմիտեից:
Գործը հարուցվել էր 179-րդ հոդվածի 2 մասի 1 և 2-րդ կետերի համաձայն, այն է յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով, պաշտոնեական դիրքն օգտագործելով և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
Լուսանկարը՝ Գրետա Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից: