Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր պաշտպանյալի վիրահատության համար վճարված գումարը հետ ստանալու նպատակով։ Այս մասին հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը:
Նա տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը, լինելով ձերբակալված անձ և ունենալով առողջական խնդիրներ, շտապօգնության մեքենայով, ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց և անմիջապես վիրահատվել: Կատարված ծառայության դիմաց բժշկական կենտրոնում ձերբակալվածից գումար են պահանջել, հաշվի չառնելով, որ այդ պահին անձն ունեցել է ձերբակալվածի կարգավիճակ, հետևաբար, հանդիսացել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող խմբի ներկայացուցիչ: Այս մասին փաստաբանը տեղյակ է պահել նաև բժշկական կենտրոնի ներկայացուցչին, սակայն պնդել են վճարել պահանջվող գումարը:
Բարձրացված հարցի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններ:
Պաշտպանի գրության հիման վրա՝ Առողջապահության նախարարությունը բժշկական կենտրոնում կատարած մշտադիտարկման ժամանակ պարզել է, որ ձերբակալվածը շտապօգնության ծառայության մեքենայով ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է բժշկական կենտրոն, որի վերաբերյալ ընդունարանի մատյանում առկա է եղել համապատասխան գրառում: Հաշվի առնելով Կառավարության համապատասխան որոշումը՝ բժշկական կենտրոնին գրավոր տեղեկացվել է, որ դեպքն անհրաժեշտ է ներառել պետական պատվերի համապատասխան ծրագրի շրջանակներում և քաղաքացուն վերադարձնել ծառայության համար վճարված գումարը:
Այսպիսով, Պաշտպանի աշխատակազմի և Առողջապահության նախարարության համագործակցության արդյունքում քաղաքացուն վերադարձվել է նրանից գանձված ավելի քան 600.000 դրամը: