Կառավարությունը վաղը՝ հոկտեմբերի 25-ին, հերթական նիստի ժամանակ որոշում կընդունի «Աբովյանի N2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին։
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում 1997 թվականից գործում է Աբովյանի N2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանը, որն իրականացնում էր անչափահաս դատապարտյալների մասնագիտական ուսուցում:
Պրոբացիոն ծառայության ներդրումից հետո՝ Աբովյանի N 2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանում իրականացված ուսումնասիրությունից պարզվել է, որ դատապարտյալների մի մասը ստացել էր մեկից ավելի անվճար մասնագիտական կրթություն, ինչպես նաև խիստ կասկածելի էր կրթության որակը՝ հաշվի առնելով դասավանդող համապատասխան մասնագետների քանակը և նյութատեխնիկական բազայի ոչ բավարար լինելը:
Դեռևս 2016/2017 ուսումնական տարում նախարարության կողմից հարց բարձրացվեց այլևս անվճար ուսուցմամբ տեղեր չհատկացնելու մասին, սակայն ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությամբ ուսումնարանին հատկացվեց միջնակարգ կրթությամբ անվճար ուսուցմամբ տեղեր:
Արդարադատության նախարարության հետ քննարկումների արդյունքում, հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկների առանձնահատկությունները և գնահատելով դատապարտյալների կրթական կարիքները, նպատակահարմար է գտնվել քրեակատարողական հիմնարկներում կրթական ծրագրեր իրականացնելու նախապատվություն տալ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, որին ՀՀ կրթության և գիտության նախարարի 2018 թվականի մարտի 21-ի թիվ 250-Ա/2 և 251-Ա/2 հրամաններով տրվել են հանրակրթական ծրագրերով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաներ:
2017/2018 ուսումնական տարում Աբովյանի N 2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանին ընդունելության տեղեր չեն հատկացվել, և քանի որ ուսումնարանում մասնագիտական կրթություն իրականցվում էր միայն միջնակարգ կրթության հիմքով, հետևաբար ուսանողներ չկան:
ՀՀ վարչապետի կողմից ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 11-ի N 29.6/[404812]-17(19) նիստում տրված հանձնարարականի (արձանագրության 1-ին կետ 6-րդ ենթակետ), մշակվել և ներկայացվել էին մի շարք նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների օպտիմալացման (խոշորացման) վերաբերյալ առաջարկություններ, այդ թվում նաև առաջարկվել էր Աբովյանի N 2 հատուկ արհեստագործական ուսումնարանը մարման ճանապարհով փակել, որը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից:
Անվճար ուսուցմամբ տեղերի համար հատկացվող ֆինանսական միջոցներով հետագայում հնարավոր է դատապարտյալների և կալանավորների համար կազմակերպել կարճաժամկետ ուսուցման ծրագրեր, որը թույլ կտա նրանց կարճ ժամանակահատվածում ձեռք բերել համապատասխան գիտելիքներ և ծրագրերից կարող են օգտվել ավելի շատ դատապարտյալներ։
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել կրթության որակի բարձրացում և պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործումը: