Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարություն իրավունքի միջոցով (Վենետիկի) հանձնաժողովի հրավերով աշխատանքային այցով Վենետիկում է գտնվում ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:
Հոկտեմբերի 19-ին առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին: Հանդիպման ընթացքում պարոն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել կառավարության հետ Վենետիկի հանձնաժողովի արդյունավետ համագործակցության համար:
Հանդիպումից հետո Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Վենետիկի հանձնաժողովի 116-րդ լիագումար նստաշրջանի ընթացքում: Նա հանձնաժողովին է ներկայացրել ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ընթացքը և օրենսգրքի առաջարկվող հիմնական փոփոխությունները։
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը նաև կիսվել է Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումների վերաբերյալ տեղեկատվությամբ, հանձնաժողովին տեղեկացրել վարչապետի հրաժարականի մասին: Պարոն Միրզոյանը մասնավորապես ասել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կոչված են ամփոփելու մայիս ամսին երկրում տեղի ունեցած ժողովրդավարական խաղաղ հեղափոխությունը, հաղթահարելու գոյություն ունեցող քաղաքական, ինստիտուցիոնալ և սահմանադրական ճգնաժամը՝ ձևավորելով իրապես ներկայացուցչական խորհրդարան, քանի որ գործող Ազգային ժողովը, որն ընտրվել է ընդամենը մեկ տարի առաջ, չի ներկայացնում հայ ժողովրդի քաղաքական կամքն ու նախընտրությունը։
Վենետիկի հանձնաժողովի՝ Հայաստանը ներկայացնող անդամ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հանձնաժողովին հիշեցրել է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված կայուն խորհրդարանական մեծամասնության ապահովման դրույթի կարևորությունը և շեշտել, որ այսօր այդ սկզբունքը Հայաստանում խախտված է: Այնուհետև պարոն Հարությունյանը նշել է, որ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը երկրում ստեղծված ոչ միայն և ոչ այնքան քաղաքական, որքան իրավական-սահմանադրական ճգնաժամի հաղթահարման միակ ճանապարհն է: Անդրադառնալով փոփոխված օրենսգրքով արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցին՝ Գագիկ Հարությունյանը նշել է, որ գործող օրենսգրքով արտահերթ ընտրությունների անցկացումն իր մեջ առավել մեծ ռիսկ է կրում, քան առաջարկվող փոփոխություններով ընտրությունների կազմակերպումը:
Քննարկման արդյունքում Վենետիկի հանձնաժողովը, վերահաստատելով Լավագույն պրակտիկայի իր ուղեցույցում ամրագրված ընտրական օրենսգրքի կայունության և ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ ընտրական օրենսգրքի փոփոխություններ անցկացնելու մասին ռեկոմենդացիաները, այդուհանդերձ արձանագրել է, որ Հայաստանում ստեղծվել է առանձնահատուկ իրավիճակ, և նման պայմաններում, եթե առկա է երկրի քաղաքական ուժերի համաձայնությունը Ընտրական օրենսգիրքը փոխելու վերաբերյալ, Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին: