Բարձրագույն դատական խորհրդի հրավերով՝ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Նիդերլանդների Թագավորության Դատական խորհրդի պատվիրակությունը՝ Կենտրոնական Վերաքննիչ Տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանի գլխավորությամբ:
Այս մասին հայտնում են ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Պատվիրակությունն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, առաջին հանդիպումը սկսեց Բարձրագույն դատական խորհրդի հետ՝ օրակարգային հարցերի քննարկմամբ:
ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց Հոլանդիայի գործընկերների այցը Հայաստան՝ այն համարելով Խորհրդի միջազգային կապերի ամրապնդման առաջին քայլերից:
Խոսքն ուղղելով Թաքվոր Ավեդիսյանին՝ Գագիկ Հարությունյանը նկատեց, որ առանձնացվել է հարցերի մի շրջանակ, որը հետաքրքրում է Խորհրդի անդամներին և որի քննարկումն արդյունավետ կլինի բոլորի համար. «Ուրախացա, որ հատկապես Դուք եք ժամանել Հայաստան, քանզի Ձեր խորհրդատվությունը մեզ համար կարևոր կլինի հատկապես արդարադատության ծախսատարության գնահատման, մշտադիտարկման կազմակերպման, գործերի քննության ողջամիտ ժամկետների չափորոշիչների որոշման ու շատ այլ հարցերում»:
Նիդերլանդների Թագավորության Դատական խորհրդի պատվիրակության ղեկավար Թաքվոր Ավեդիսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց հրավերի համար՝ նշելով. «10 տարի առաջ մենք հանդիպել ենք, այժմ մենք ցանկանում ենք սովորել նաև ձեզանից: Մենք պատրաստակամ ենք ոչ միայն փոխանցելու մեր երկրի արդարադատության փորձը, այլև մեզ հետ տանելու մեր հայաստանյան գործընկերների լավագույն մտքերը՝ դրանք զարգացնելու և կիրառելու նպատակով»:
ԲԴԽ նախագահը նկատեց նաև, որ մեզանում հիմա կան բավականին հետաքրքիր քննարկումներ՝ կապված անցումային խնդիրների լուծման հետ, մասնավորապես՝ սահմանադրական պատասխանատվության արդարադատության ձևավորման ուղղությամբ: «Ձեր երկիրն այն եզակի երկրներից է, որ բարձրաստիճան պաշտոնյանների քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Գերագույն դատարանում՝ առաջին ատյանի կարգով ՝ առանց բողոքարկման իրավունքի: Սա ևս հետաքրքիր է, և կցանկանայինք քննարկման առարկա դարձնել, թե այդ մեխանիզմների տարրերը մեզ մոտ ներդնելու ինչպիսի հեռանկարներ կարող են ունենալ»:
Հանդիպում-քննարկման ընթացքում կարևորելով մշտադիտարկման մեխանիզմի արդյունավետությունը՝ որպես արդարադատության որակի գործուն համակարգի՝ Նիդերլանդների Թագավորության Դատական խորհրդի անդամ, Կենտրոնական Վերաքննիչ Տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանը նկատեց, որ բացի մշտադիտարկման հիմնական արդյունքներից, տարեկան երկու անգամ յուրաքանչյուր դատարան հաշվետություն է ներկայացնում Դատական խորհրդին՝ գործերի քննության ժամկետների ուշացման հետ կապված հարցերի մասին: «Մենք մեզ դիտում ենք որպես հանրության աչք դատարանների վրա և որակի համակարգի վերահսկման համար ունենք երկու մեխանիզմ՝ օնլայն դատարանների օգտատերերի բավարարվածության ուսումնասիրություն և Այցելությունների կոմիտե, որի 16 անդամները տարբեր բնագավառների ներկայացուցիչներ են, ովքեր այցելում են դատարաններ, տեղում ծանոթանում խնդիրներին և դրանք ներկայացնում Դատական խորհրդին: Այս երկու մեխանիզմները մեզ օգնում են որպես Խորհուրդ ավելի արդյունավետ գործել»,- եզրափակեց Թաքվոր Ավեդիսյանը:
Քննարկման առանցքում էին նաև դատարանների ու դատավորների անկախությանը, գործերի բաշխմանն ու քննության ողջամիտ ժամկետներին, հանրային վստահության կարևորությանը, հասարակության հանդեպ հաշվետվողականության դերի բարձրացմանն առնչվող հարցերը:
Հանդիպման ավարտին ԲԴԽ նախագահը և Խորհրդի անդամները նկատեցին, որ շատ հետաքրքիր մտքեր հնչեցին, որոնք հաշվի առնելով, կփորձեն ավելի արդյունավետ լուծումներ գտնել: