ԱՊՀ գիտնականների երկրորդ համաժողովի բացման նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին` ԿԳ նախարարն անդրադարձել է մի շարք խնդիրների` մասնավորապես գիտական և բուհական համակարգում արդյունավետության բարձրացման նպատակով միավորումների և խոշորացումների անհրաժեշտությանը, հայտնում են նախարարությունից:
Անդրադառնալով գիտնականների տարիքային շեմի մասին մտահոգիչ վիճակագրությանը` Արայիկ Հարությունյանը նշել է, որ ունենք երկու տարիքային գագաթ` մինչև 35 տարեկաններ և 60 տարեկանից բարձր տարիքի գիտնականներ: «Միջին տարիքի գիտնականների մեծ անկում ունենք: Միջին տարիքի գիտնականների ներգրավվածությունը մեծացնելու նպատակով պետությունը ծրագրեր է մշակում, բայց մենք նաև պետք է հասկանանք և օբյեկտիվորեն գնահատենք, թե ինչպիսի գիտական ներուժ ունենք: Արդյոք մեր հնարավորություններն արդյունավետ ենք օգտագործում և արդյոք համակարգում չունենք խնդիրներ, որ լուծում չեն ստանում սոցիալական պարտավորություններից ելնելով: Կրթության և գիտության նախարարությունը պատասխանատու է կրթական քաղաքականության համար, և սոցիալական խնդիրները պետք է չճնշեն այդ քաղաքականության արդյունավետ իրականացմանը»,- նշել է Արայիկ Հարությունյանը: Նախարարի խոսքով` այժմ քննարկվում է «Բարձրագույն կրթության մասին» և «Գիտության և գիտահետազոտական գործունեության մասին» օրինագծերի միավորման հարցը և այս համատեքստում մշակվում են նաև գիտական կառույցների, ինչպես նաև բուհերի խոշորացման և միավորման հարցերը: Նման քայլերի շնորհիվ, ըստ նախարարի, համակարգում հավելյալ միջոցներ կառաջանան, որոնք կներգրավվեն գիտության զարգացման մեջ` նպաստելով նաև միջին տարիքի գիտնականների ներգրավմանը. «Այժմ քննարկումներ են ընթանում, երբ որ լինեն վերջնական մոտեցումներ, այդ մասին կհայտարարվի: Բնականաբար, այդ բոլոր խնդիրները կքննարկվեն նաև ԳԱԱ-ի հետ: Խնդիրը բուհերի և ակադեմիական ինստիտուտների սերտ համագործակցության ապահովումն է: Օրինակ ակադեմիական որոշ ինստիտուտների հնարավորություններն օգտագործվում են Սլավոնական համալսարանի տարբեր ամբիոնների կողմից. մեկը մյուսի համար ծառայում են որպես լաբորատորիաներ: Դա համագործակցության շատ լավ փորձ է և գտնում եմ, որ մյուս բուհերը ևս կարող են այս մոդելը կիրառել»,- նշել է Արայիկ Հարությունյանը: