Կարմիր գրքերը լինում են տարբեր մակարդակների` միջազգային, ազգային և տարածաշրջանային:
Հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների պահպանման առաջնահերթ կազմակերպչական խնդիրը դրանց ցուցակագրումն ու հաշվառումն է ինչպես գլոբալ, այնպես էլ առանձին երկրների մակարդակով: Առանց դրա հնարավոր չէ անցնել ոչ խնդրի տեսական մշակմանը, ոչ էլ առանձին տեսակների պահպանման գործնական աշխատանքների հանձնարարմանը:
Կենդանիների Կարմիր գիրքը միջազգային պահանջները բավարարող համահավաք փաստաթուղթ է, որում գրանցվում են տեղեկություններ հազվագյուտ, անհետացող կենդանական տեսակների կարգավիճակի, աշխարհագրական տարածվածության, էկոլոգիական պայմանների, կենսաբանական առանձնահատկությունների, ներկա վիճակի և պահպանման միջոցառումների մասին:
Կենդանիների Կարմիր գիրքը վարվում է հազվագյուտ և անհետացող կենդանական տեսակների և համակեցությունների հաշվառման, պահպանության, վերարտադրության, օգտագործման և գիտականորեն հիմնավորված հատուկ միջոցառումների մշակման և իրագործման, ինչպես նաև դրանց մասին բնակչությանը իրազեկելու նպատակով:
Կենդանիների Կարմիր գրքում գրանցման համար հիմք են ծառայում կենդանական տեսակների քանակի և տարածման սահմանների կրճատման, գոյության պայմանների վատթարացման և անհետացման վտանգի տվյալները:
Կենդանիների Կարմիր գիրքը կազմվում է` հիմք ընդունելով կենդանական աշխարհի պետական հաշվառման արդյունքները: Դա պարբերաբար վերահրատարակվում է:
Կենդանիների Կարմիր գրքում կենդանական տեսակների գրանցման և դուրսգրման վերաբերյալ եզրակացությունը տալիս է Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովը:
Կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովի ստեղծումը և գործունեությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքի վարման կարգով:
Աղբյուր՝ Իրավաբան.net