Նախընտրական հիմնադրամի միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագիր չներկայացնելը

Թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն իրենց նախընտրական քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով բացում են նախընտրական հիմնադրամ։ Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները և միայն համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներն առանձին նախընտրական հիմնադրամ ձևավորել չեն կարող: Հանրապետության Նախագահի թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, իսկ մյուս թեկնածուներինը՝ հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող որևէ առևտրային բանկում: Այս բանկերի ցանկը կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը: Նախընտրական հիմնադրամ ձևավորելու նպատակով թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների դիմումների հիման վրա բանկերը բացում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ: Այդ հաշվեհամարներից եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում:

 

Թեկնածուի նախընտրական հիմնադրամը համալրվում է`

 

1) իր անձնական միջոցներից.

 

2) իրեն առաջադրած կուսակցության տրամադրած միջոցներից.

 

3) ընտրելու իրավունք ունեցող անձանց կամավոր մուծումներից:

 

Համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցության, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամը ձևավորվում է`

 

1) այդ կուսակցության, կուսակցությունների դաշինքի դեպքում` դաշինքի անդամ կուսակցությունների միջոցներից.

 

2) ընտրելու իրավունք ունեցող անձանց կամավոր մուծումներից:

 

Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն` նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ և 20-րդ օրը, ինչպես նաև ընտրությունների արդյունքների ամփոփման համար` Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ:

 

Թեկնածուի (կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի) կողմից նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագիր չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` 100 000-200 000 դրամի չափով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել